40 ՏԱՐՎԱ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ
2016-11-20 20:31:00
Այսօր Երևանի մի համեստ ռեստորանի մի գողտրիկ սրահում հավաքվել էին Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետի հայկական բաժինը 1976 թվականին ավարտած շուրջ 220 շրջանավարտներից 34-ը, նշելու Ինստիտուտն ավարտելու 40 ամյակը: 
Իսկ ինչո՞ւ 34-ը:
Քանի որ շրջանավարտների մի մասը սփյուռքահայ էր և ցիրուցան եղավ աշխարհով մեկ: Մի մասը արտագաղթել է Ամերիկա, Ռուսաստան և այլ երկրներ: Մի մասը ապրում ու աշխատում է Հայաստանի մարզերում, որոնց հասցեները անհայտ են: Մի մասը, առաջացած տարիքի պատճառով վատառողջ է ու չկարողացավ մասնակցել: Մի մասը հիվանդ է, մի մասը ծերացել է, մի մասը խորթացել է, մի մասը մոռացել է, մի մասը հավես չունի, մի մասը սիրտ չունի, մի մասը փող չունի, մի մասը վիշտ ունի, մի մասն էլ մտածում է, որ հայ-հայը գնացել վայ-վայն է մնացել: 23 հոգի անդարձ հեռացել են մեզանից: Նրանց, մեր համակուրսեցի ընկերներին, անուն առ անուն հիշեցինք հոտնկայս:
Ավարտել էին 25 տարեկանում, հավաքվել 65-ում: Յոթ տարի միասին ուսանած մարդիկ այսօր իրար չէին ճանաչում, հազիվ էին մտաբերում, թե ով ով է:
 Ընդամենը մեկ ժամ հետո սկսեցին ուրախ ու զավեշտական դեպքեր հիշել ուսանողական կյանքից, ընկերներից ու դասախոսներից: Սկսեցին երգել 70-ական թվականների սիրված երգերն ու պարել իրենց երիտասարդական տարիների պարերը: Կողմնակի մարդու ուշքը կգնար, տեսնելով, թե ինչպես են բիձեքն ու պառավները տռճիկ տալիս: 65 ամյա բժիշկ տատիկներն ու պապիկները իրար դիմում էին ,,տղերք, եկեք այս երգը երգենք՛՛ կամ ,,երեխեք լռեք, մի բան պատմեմ՛՛: 
Արդեն կենսաթոշակի անցած պրակտիկ բժիշկներ, գիտության թեկնածուներ ու դոկտոր, առողջապահության ու բժշկական կրթության կազմակերպիչներ, մարդիկ, ովքեր իրենց կյանքի 40 տարին նվիրել են մարդկանց առողջություն ու կյանք պարգևելու սուրբ գործին, աշխատել են գյուղում կամ քաղաքում, պոլիկլինիկայում կամ հիվանդանոցում, քաշել են 1000-ավոր հիվանդների նազուտուզը, տխրել ու ուրախացել նրանց հետ ու նրանց համար, ոչ միշտ են կարողացել հրաշքներ գործել ու ընկճվել են դրա համար, անքուն գիշերներ են անցկացրել ու մազեր ճերմակացրել:
Նրանցից մեկը հաշվել էր, որ իր աշխատանքային գործունեության 40 տարիների ընթացքում ունեցել էր շուրջ 20 000 հիվանդ:
Կենացներով հիշեցինք նաև մեզ կրթություն և մասնագիտություն պարգևած դասախոսներին: Բոլորը միաբերան նշում էին, որ «մեր ժամանակվա դասախոսներն ՈՒՐԻՇ էին»::
Ուշ գիշերին հոգնած ու ուժասպառ բժիշկներն ու բժշկուհիները միմյանց հետ ողջագուրվելուց հետո հեռացան իրենց տները, հոգու խորքում հույս փայփայելով, որ «Երնեկ ողջ մնամ, եկող տարի էլ այսպես հավաքվենք»:
Հարություն Մինասյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 1353 անգամ