Սփյուռքը «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահություն չունի
2016-11-21 00:20:00
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նախաթելեթոնյան ուղերձ է հղել։ Չնայած տարատեսակ քննադատություններին, Վարդանյանը վստահեցնում է՝ հիմնադրամի նկատմամբ վստահություն եղել է և կա։ Այս տարվա հեռուստամարաթոնը անցկացվելու է նոյեմբերի 24-ին։ Նշենք, որ տարեցտարի հիմնադրամին փոխանցվող գումարը նվազում է՝ շատերի կարծիքով հենց անվստահության պատճառով։
«Հայկական Վերածնունդ» համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող Շանթ Ոսկերչյանը կոչ է անում հիմնադրամին գումար փոխանցելու փոխարեն ընտրել այլ տարբերակ արցախահայությանն օգնելու համար։
Հիշեցնենք, որ այս տարվա հեռուստամարաթոնի ողջ հասույթը նախատեսվում է փոխանցել ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում տուժած բնակավայրերի վերականգնմանը, բազմազավակ արցախցի ընտանիքներին բնակարաններ հատկացնելուն։ Մարաթոնն այս տարի ունի «Իմ Արցախ» կարգախոսը։
«Քանի դեռ հիմնադրամը ղեկավարվում է ռեժիմի կողմից՝ ի դեմս Սերժ Սարգսյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր ղեկավարում են հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, կոչ եմ անում բոյկոտել դրամահավաքը։ Ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլ Բակո Սահակյանը, կաթողիկոսները վստահելի մարդիկ չեն և պետք չէ այդ ճանապարհով օգնել արցախցիներին։ Այդ փողը տեղ չի հասնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ոսկերչյանը։
Փոխարենը մեր զրուցակիցը նշում է, որ հանգանակություններ պետք է կատարել վստահելի, ռեժիմի հետ ոչ մի կապ չունեցող հիմնադրամների և կազմակերպությունների միջոցով, իսկ լավագույն դեպքում՝ օգնությունը ուղղակի ձևով տրամադրելով հասցեատերերին, եթե դրա հնարավորությունը կա. «Նույնիսկ մեր միջոցով եկող-գնացող շատ մարդ կա, կարող ենք փոխանցել այդ գումարները, կարող են անձամբ փոխանցել, կամ այլ հիմնադրամներ ընտրել, միայն ոչ այնպիսի հիմնադրամ, որը կապ ունի Սերժ Սարգսյանի և իր ռեժիմի հետ»։
Նրա կարծիքով՝ Հայաստանի իշխանությունների նկատմամբ անվստահությունն է պատճառը, որ տարեցտարի նվազում է հիմնադրամին փոխանցվող գումարի քանակը։
Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նման հիմնադրամի անհրաժեշտություն կա, բայց կան նաև այլ խնդիրներ, որոնք անտեսել պետք չէ․ «Սփյուռքը պետք է իր մասնակցությունն ունենա Հայաստանի, արցախահայության առաջ ծառացած խնդիրների լուծմանը։ Հայաստանը, Արցախը, Սփյուռքը միասնականություն է, և եթե իրենք մեզ օգնում են՝ մեծ շնորհակալություն։ Արդյունավետությունը, մսխումները, չարաշահումները, կոռուպցիան՝ առանձին ու խայտառակ հարց են, որը քննարկման առարկա պետք է դառնա»։
Ազատ Արշակյանը կարծում է, որ հենց այս մտավախությունների պատճառով է, որ Սփյուռքը տարեցտարի ավելի քիչ գումար է փոխանցում հիմնադրամին. «Ակնհայտորեն Հայաստանի Հանրապետությունը զավթված է կոռուպցիոներների, քրեաօլիգարխիկ մադկանց կողմից և բնական է, որ սփյուռքահայերը չեմ ուզում լինել դոնոր նման համակարգ ֆինանսավորելու համար։ Մի մասն այդ գումարի փոշիանում և գողացվում է, բնական է, որ նրանք հիասթափվում ու դժվարությամբ են մասնակցում դրամահավաքին»։

1in.am

Այս նյութը դիտել են - 1052 անգամ