Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը քիչ առաջ մեզ հետ զրույցում հայտնեց, որ երեկ երեկոյան Արցախում հակառակորդի կրակոցից զոհված Արամայիս Ոսկանյանը ծնողների միակ որդին էր. նա երեք քույր ունի: Մորը դեռ չեն կարողանում գույժը հայտնել:
Նրանց տանից քիչ հեռու հերթապահում է շտապօգնության մեքենան:
Մարզպետը մեզ հայտնեց, որ զոհված զինվորի դին այդ պահին դեռ Երեւանում է: Վաղը Արամայիս Ոսկանյանի հոգեհանգիստն է, մյուս օրը՝ հուղարկավորությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արամայիս Ոսկանյանը Գավառից է, նա 2 շաբաթից կդառնար 20 տարեկան: Ըստ ամենայնի, զոհված զինվորին կհուղարկավորեն Գավառում:
Հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը այսօր տեղեկացրել էր, որ հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը: «Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին»,- ասված էր ԼՂՀ ՊԲ հաղորդագրության մեջ:
Անդրադառնալով տեղի ունեցածին, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր գրել էր. «Հակառակորդը կրկին սրում է որոշակի կայունացման միտումներ ունեցող իրավիճակը՝ օգտագործելով դիպուկահար կրակ: ԼՂՀ-ում զոհ ունենք, ցավակցում ու զորակցում ենք Արամայիս Յուրիկի Ոսկանյանի ընտանիքին ու հարազատներին: Հայկական ԶՈւ-երը ոչինչ անպատասխան չեն թողնի ու կրկին անգամ «Զինված դիմակայության» աստիճանի բարձրացման եւ հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա»:
Այս նյութը դիտել են - 1689 անգամ