Տնային գրավոր աշխատանքը չպետք է տառապանք դառնա աշակերտի համար2016-11-21 09:04:00
Երբեմն հանդիպում ենք դժգոհությունների` կապված տնային հանձնարարությունների ծանրաբեռնվածության հետ: Միշտ էլ եղել եմ այն համոզմունքին, որ աշակերտի համար տառապանք չպետք է դառնա տնային առաջադրանք կատարելը: Մի՞թե ցավոտ չի հնչում այս արտահայտությունը. «Ես ցանկանում եմ, որ ուսուցիչը լինի բարի, ներողամիտ, մտնի երեխայի դրության մեջ և քիչ տնային հանձնարարություն տա»:
Աշակերտը ցանկություն է հայտնում, որ ուզում է իրեն դասավանդող ուսուցչուհին բարի լինի, բայց չէ՞ որ յուրաքանչյուր ուսուցչի ամբողջ մանկավարժական գործունեությունը բարություն սերմանելն է: Սիրում եմ այս բառը և ուզում եմ այն գրել մեծատառով` ԲԱՐՈՒԹՅՈՒՆ, որ հոգիներ է բուժում, որ դեռահասն է խնդրում այս հիանալի զգացողությունից կաթիլ-կաթիլ փոխանցել իրենց, ու ես ցավում եմ, բայց և ամաչում, երբ սպիտակի վրա շարված այս տողերն ինձ են հանձնում: ՆԵՐՈՂԱՄԻՏՆ էլ վատ չէ, բայց ի՞նչ ուսուցիչ, եթե նա ներել չգիտի դեռահասներին:
Գուցե հաստատվե՞լ են ուզում այսպիսի ուսուցիչները, ես ինքս էլ չգիտեմ, բայց միշտ էլ բարձրաձայնում եմ, որ աշակերտներին պետք չէ ծանրաբեռնել տարբեր խրթին ու ծավալուն տնային առաջադրանքներով:
Տնային հանձնարարությունը դպրոցական ծրագրով նախատեսված է, որից չենք կարող խուսափել, բայց դա չի նշանակում, թե այնքանով է պարտադրված, որ միշտ էլ պետք է հանձնարարվի: Պատահում է նաև, երբ սովորելու բանավոր դասանյութը մի քիչ ծավալուն է, տարողունակ և ժամանակատար, ապա դրան կից ոչ մի այլ գրավոր առաջադրանք չեմ տալիս: Կարելի է ասել` տնային հանձնարարությունների առումով ուսուցիչն ինքը պետք է աշակերտների համար ստեղծի մատչելի և դյուրին ընկալվող պայմաններ:
Վերջերս իմ դասավանդելիք դասարաններից մեկում թույլ կարողությունների տեր մի քանի աշակերտների նույնիսկ հանձնարարեցի` եթե առաջադրանքը դժվարանում են կատարել, գոնե տվյալ տեքստը կարող են արտագրել, իսկ մյուսներն այդ տեքստից կառանձնացնեն պահանջին համաձայն նախատեսված համապատասխան բառերը:
Դպրոցականի տնային առաջադրանքի ծավալը որոշ դեպքերում կախված է նրանից, թե տվյալ դասանյութին որքան դասաժամ է տրվում և դրան կից` ինչքան առաջադրանքներ կան նախատեսված դասագրքում: Բայց նաև պարտադրված չէ, որ մեկ դասաժամ նախատեսված դասանյութին կցված հինգ կամ վեց վարժությունն էլ կատարեն: Չնայած շրջապատում ուսուցիչներ ունենք, որ կարծում են` ծանրաբեռնելով աշակերտներին տնային հանձնարարությունների մեջ` իրենք լավ և պահանջկոտ ուսուցչի անուն են ձեռք բերում:
Անձամբ իմ փորձից ելնելով` յուրաքանչյուր դասարանում միշտ էլ ձգտում եմ քիչ տնային հանձնարարություններ տալ, նույնիսկ պատահում է, որ աշակերտներն իրենք են առաջարկում ավելացնել նաև այսինչ համարի վարժությունը, բայց իմ նպատակն է լինում միշտ հանձնարարված առաջադրանքներից ամենադյուրինը տալ, որ կարողանան տանը ինքնուրույն կատարել: Երբեմն, իհարկե, երեխային սովորելիս տանը պետք է օգնել, բայց այն պետք է լինի արդարացված, չպետք է այն վերածվի նրա փոխարեն հանձնարարություն կատարելուն, ինչպես վերջերս եմ նկատել իմ աշակերտներից մեկի մոտ: Նրա տնային առաջադրանքը գրված էր ուրիշի ձեռագրով, իսկ ես համոզված եմ, որ դա ընդամենը իմ աշակերտի ծուլության արդյունքն էր: Միշտ էլ անհրաժեշտ է ամեն ինչով թեթևացնել երեխայի աշխատանքը, նրան պետք է օգնել միայն այն դեպքերում, երբ նա ոչ մի կերպ չի կարողանում ինքնուրույն հաղթահարել դժվարությունը, իսկ դրա համար պետք է հող նախապատրաստի ուսուցիչը, նա չպետք է թույլ տա, որ երեխան տանը կոտրվի, իրեն ճնշված զգա, որ չի կարողանում կատարել այդ առաջադրանքը:
Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոց
Այս նյութը դիտել են - 11043 անգամ