Երբ սեպտեմբերի 13-ին Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ՝ իշխանական լրատվամիջոցները և բլոգերները սկսեցին գրել, որ նա եկել է փրկելու Հայաստանի կործանվող տնտեսությունը: Նրանք նկատում էին, որ Կարեն Կարապետյանը արատավորված չէ և երբեք պետության կամ սեփական ժողովրդի հաշվին գումարներ չի աշխատել: Իր կարողությունը ստեղծել է արտասահմանյան իր բիզնեսներից: Փորձենք պարզել, արդյոք, նա կամ իր հետ փոխկապակցված անձիք չեն մտել սեփական ժողովրդի գրպանը:
Տարիներ առաջ Hetq.am-ը հրապարակել էր մի հոդված, որով ներկայացվում էր Կարեն Կարապետյանի հետ փոխկապակցված բիզնեսները:
Մի շարք ընկերությունների հետ համատեղ գազի սպասարկում իրականացնող «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ -ն ևս կապվում էր Կարեն Կարապետյանի անվան հետ, որովհետև ընկերության հիմնադիր և բաժնետեր եղել է Կարեն Կարապետյանի եղբայրը՝ Վլադիմիր Կարապետյանը:
Սակայն 2009-ին Վլադիմիր Կարապետյանը դուրս է եկել ընկերությունից: Այժմ «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ում բաժնեմաս ունեն Արթուր և Լուսինե Սուրենյանները՝ 16 և 14 տոկոս բաժնեմասերով:
Վերջիններս «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ իրացման գծով նախկին փոխտնօրեն Ռուբեն Սուրենյանի զավակներն են: Այս ընկերության ամենամեծ բաժնետերը (42%) Արսեն Հարությունյանն է: Նա նույն, ինչպես նաև Կարապետյանի «Ֆլորենս» ռեստորանը կառավարող ընկերության՝ «Գոլդ Ռեստ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է:
Պետք է նկատել, որ Կարեն Կարապետյանին պատկանող այս ընկերությունը հասարակ քաղաքացիների հաշվին ուղղակի միլիարդներ է վաստակել:
Երբ Կարեն Կարապետյանը զբաղեցնում էր ՀայՌուսգազարդ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը հենց այս ընկերության էր տրված գազասպասարկման մենաշնորհը:
Գազի ամեն բաժանորդ Կարեն Կարապետյանի մերձավորներին պատկանող ընկերությանը տարեկան նվազագույնը վճարում է 2200 դրամ, իսկ առավելագույնը 6300 դրամ: Միջինը կստացվի 4250 դրամ: Ընկերություն ունի ավելի քան 630 հազար բաժանորդ: Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացիները միջինում վճարում են ավելի քան 2,5 միլիարդ դրամ:
Գազի խողովակները, որոնք քաղաքացիների բնակարան գազ էին հասցնում բավական թանկ գներով էին վաճառվում քաղաքացիների վրա:
Կես դույմ խողովակների մեկ մետրը քաղաքացիների վրա վաճառվում էր 3500 դրամ: Սա այն դեպքում, երբ այդ նույն չափի և որակի խողովակները շուկայում արժեն ոչ ավել քան 600 դրամ: Այս բիզնեսը ևս պատկանում է Կարեն Կարապետյանի մերձավորներին: Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի 10 հասցեում գտնվող արտադրամասն է ԳազպրոմԱրմենիա ընկերությանը ապահովում անհրաժեշտ խողովակներով:
Սա իհարկե Կարեն Կարապետյանի գործունեության ոչ մեծ դրվագն է, սակայն սա էլ բավական է հասկանալու համար, որ նրա կուտակած միլիոնավոր դոլարները այնքան էլ իր դրսի բիզնեսների հաշվին չէ, որ կուտակվել է:
Այս նյութը դիտել են - 32461 անգամ