Վահան, որ դու էլ պաշտոնի գաս, էլի Մոսո ես դառնալու. »Հրապարակ»
2016-11-21 18:31:00

Մեր պաշտոնյաների կոռումպացվածության մասին, ինչ էլ ասեն, նորություն չէ: Նորություն կլինի այն, որ հանկարծ մեկի մասին ասեն՝ էս պաշտոնյան մնացածներից տարբերվում է:

Չէ՜, բոլորն էլ նույնն են:

Եթե այդպես չէ, պատրաստ եմ լսել: Թող մեկը ձայն հանի: Բայց հարցը դրանում չի: Մի շատ հետաքրքիր միտում եմ նկատում. որ հանկարծ բոլորին թողած` մեկին են կպնում:

 Վերջին օրինակը բերեմ:

ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը այս էլ որերորդ ամիսն է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանից է խոսում: Չեմ ուզում նրա մեղադրականները մեջբերեմ, որովհետև այն, ինչ նա ասում է Մովսես Հակոբյանի մասին, բոլոր պաշտոնյաներն են թաղված նույն ցեխի մեջ: Ակամայից հարց է առաջանում՝ ինչու՞ հենց Մովսես Հակոբյանին: Ոչ թե չեմ հավատում, որ նախկին հրամանատարը նման բան չէր կարող անել, այլ հարցին այլ տեսանկյունից եմ նայում՝ ինչու՞ հիմա էլ Մովսեսն ընկավ նման պատմության գետը:

Մի այլ միտում էլ:

Քառօրյա պատերազմի ընթացքում ու դրանից առաջ էլ մեզ համար Մոսոն էլ, Վիտալին էլ ընդունելի ու կասեի՝ հարազատ մարդիկ էին: Անգամ ես էի ասում՝ մեր Մոսոն, մեր Վիտալին: Հիմա այդ նույն բանը չեմ ասի, ոչ էլ դուք թույլ կտաք, որ ասեմ: Կընկնեմ համացանցի հեղեղատի տակ: Հիմա էլ ասում եք՝ Վահանն էս ասաց, Վահանն էն ասաց, Վահանին կբռնեն, որ մի քիչ շատ խոսի:

Մի ժամանակ էլ այդպես Վիտալիի մասին էինք ասում՝ Վիտալին մեր հերոսն է, նրան չեն թողնում, որ աշխատի, անգամ անհանգստանում էինք՝ հանկարծ Վիտալիին մի բան չանեն:

Մոտիկ հարևանուհիս էլ Վիտալիի համադասարանցին է եղել, անընդհատ ականջիս տակ բզզում էր՝ Վիտալիի նման տղա չկա… Ի՞նչ եղավ: Ընդամենը մի փոքրիկ օրինակի վրա եմ փորձում միտքս բացատրել: Վիտալին մեզ հետ էր, Մոսոն մեզ հետ էր, հիմա չկան: Առաջ ասում էինք՝ Վիտալիի ցավը տանեմ, հիմա թող մեկը ասի՜… գրողի ցավ կբերեն մեր ու նրա գլխին: Հիմա էլ միասին ուրիշ երգ ենք երգում՝ Վահանը մեզ հետ է, Վահանին մի բան կանեն… Ժողովուրդ ջան, մեզ մոտ մի բան անելը դառել է պաշտոն տալը… Ով շատ է դեմ դուրս գալիս, մտածում եմ՝ պաշտոն է ուզում…

Թող ների ինձ Վահանը, բայց պիտի հարցնեմ՝ Վահան ջան ի՞նչ ես ուզում Մոսոյից: Պն-ի մի պատասխանատուի ցույց տուր, որ Մոսոյից «ավելի քիչ է կերել»: Վաղը դուք էլի պաշտոնի բերումով ընկերանալու եք, դու էլ պաշտոն կստանաս, էլի մենք կմնանք «չոր քարի վրա»: Որ դու էլ պաշտոնի գաս, էլի Մոսո ես դառնալու: Երբ որ մեքենան շարքից դուրս է գալիս, «շրուփի մասին չեն խոսում»:

Հասմիկ Բաբաջանյան

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Այս նյութը դիտել են - 1494 անգամ