Պուտինը վաճառեց ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքը
2016-11-21 21:55:00

168.am-ը գրում է.

Հայ-ռուսական միացյալ զորամիավորում ստեղծելու մասին համաձայնագիրը, որի շուրջ բանակցելու հանձնարարական է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, և որը կստորագրվի առաջիկայում «բանակցվելուց» հետո, իմա՝ ռուսական տարբերակով, դժգոհություն է առաջացրել Հայաստանի որոշ քաղաքական ուժերի, փորձագետների շրջանում։ Դրան դեմ արտահայտվողները նշում են, որ դա Հայաստանի ինքնիշխանությունը նվազեցնող հերթական համաձայնագիրն է դառնալու, որ պատերազմական իրավիճակում միացյալ զորամիավորման հրամանատարությունն անցնելու է Ռուսաստանին։

Բերվում են բազմաթիվ այլ փաստարկներ, որոնք բոլորը նույնի մասին են՝ Հայաստանը Ռուսաստանին է հանձնում ինքնիշխանության փշրանքներից հերթականը։ Մյուս կողմից՝ սակայն, այս և նման համաձայնագրերը հայ-ռուսական հարաբերությունների օբյեկտիվ արտացոլումն են։ Համաձայնագրերը կամ այլ փաստաթուղթն ընդամենը ֆորմալացնում են այն, ինչը կազմում է հայ-ռուսական հարաբերությունների բովանդակությունը։

Իսկ բովանդակությունն այդ, լայն իմաստով, հանգում է նրան, որ Հայաստանում գործնականում ամեն ինչն  ու ամենայնն է միացյալ՝ Ռուսաստանի հետ, բնականաբար։ Կա՞ արդյոք Հայաստանում պետական ու հանրային կառավարման որևէ ինստիտուտ, որևէ գերատեսչություն կամ որևէ այլ միավոր, որտեղ Ռուսաստանը չունի կամ ցանկության ու անհրաժեշտության դեպքում չի ունենա «վերահսկիչ փաթեթ»։ Պատասխանը միանշանակ բացասական է։

Հայաստանի քաղաքական համակարգում ներկայացված ուժերի մեծ մասն ու պետական կառավարման համակարգը՝ գործնականում ամբողջությամբ, ռուսական են։ Պարզապես դա ամենօրյա ռեժիմում չի զգացվում, սակայն ցանկացած պահի, երբ պահանջի Ռուսաստանի շահը, Հայաստանի ցանկացած կառույց՝ սկսած ԱԱԾ-ից մինչև Արտակարգ իրավիճակների նախարարություն ու Ոստիկանություն, հնազանդորեն կկատարի այն, ինչ պետք է Ռուսաստանին։ Պետական կառավարման համակարգում ռուսականության առաջատարը, իհարկե, Արտգործնախարարությունն է, որը Հայաստանի շահով առաջնորդվում է միայն այն դեպքում, երբ դա չի հակասում Ռուսաստանի շահին։ Իսկ քանի որ այդպիսի դեպքերը եզակի են, Արտգործնախարարությունը գործնականում վերածվել է Ռուսաստանի ԱԳՆ-ի մասնաճյուղի կամ հայ-ռուսական դիվանագիտական «միացյալ զորամիավորման»։

Նույն իրավիճակը Զինված ուժերում է՝ կրկին այնպիսի բացառություններով, որոնք ընդամենը հաստատում են ռուսականության օրինաչափությունը։ Ավելին՝ բանակի ռուսականությունը ոչ միայն չի թաքցվում, այլ անգամ ներկայացվում է՝ որպես առավելություն։ Հայաստանը, մեծ հաշվով, վերածվել է Ռուսաստանի հետ համատեղ միավորման, որին ինքնասփոփանքով անվանում ենք պետություն։ Դա տեղի է ունեցել տարիների ընթացքում, հետևողականորեն, նշույլ առ նշույլ Հայաստանի ինքնիշխանության հանձնման կամ բռնազավթման միջոցով։

Տեղի է ունեցել դա, որովհետև Հայաստանի բոլոր իշխանությունների համար Ռուսաստանի հետ հարաբերություններում կարևոր է եղել ու է իշխանության «հրամանատարության» պահպանումը, ինչի դիմաց նրանք զիջել են անգամ ազգային անվտանգության համար կենսական կառույցներում «հրամանատարությունն» ամենատարբեր պայմանագրերով ու համաձայնագրերով։

Առջևում ընտրություններ են, և կրկին ակտուալ է տեղապահության հրամանատարության հարցը, հրամանատարությունը հերթական անգամ Պուտինից գնելու խնդիրը, ինչի դիմաց վճարվում է ինքնիշխանության հերթական կտորով։ Այս անգամ՝ բանակային մի կորպուսի տեսքով։ Հասարակության համար՝ մի ամբողջ կորպուսի, իշխանության համար՝ ընդամենը մի կորպուսի։

Այս նյութը դիտել են - 1442 անգամ