ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի գագաթնաժողովի օրերին՝ դեկտեմբերի 8-ից 9-ը Համբուրգում հնարավոր է, որ կայանա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Ի՞նչ հանգրվան կարող է այն դառնալ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի համար: Թեմայի շուրջ զրուցեցինք քաղաքագետ, Times.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ:
-Ղարաբաղյան կարգավորման շրջանակներում ի՞նչ կարելի է ակնկալել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումից: Ինչպիսի՞ն է կողմերի ներկայիս դիրքորոշումը:
-Անկեղծ ասած՝ վստահ չեմ, որ այդ հանդիպումը կկայանա, իսկ դրա արդյունավետության մասին խոսելը, ընդհանրապես, ժամանակավրեպ է։ Ապրիլյան պատերազմից հետո բանակցային գործընթացը շարունակելու համար հայկական կողմը հստակ նախապայմաններ է առաջ քաշել, որոնք իրավիճակը մեր օգտին փոխելու պարզունակ ցանկություն չեն։ Ոչ էլ՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու նպատակ։ Պաշտոնական Երեւանն ընդամենը ցանկանում է, որ գործեն Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը զսպող մեխանիզմներ։ Դա անհրաժեշտ է, որ միջնորդները կարողանան հստակ պատկերացում կազմել սահմանում տիրող իրավիճակի մասին, իմանալ, թե երբ եւ որ կողմը խախտեց հրադադարի մասին պայմանավորվածությունը։ Հայկական կողմը ուզում է վստահ լինել, որ բանակցային գործընթացի ժամանակահատվածը հակառակորդը կրկին չի օգտագործի նոր պատերազմի պատրաստվելու համար։
Այս մոտեցումները հասկանալի եւ ընկալելի են միջազգային հանրության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար։ Հենց այդ պատճառով նրանք պաշտպանեցին նախագահ Սերժ Սարգսյանի պահանջը Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների ժամանակ։ Մինչդեռ Ալիեւի վարչակազմը հետագայում խախտեց ձեռքբերված պայմանավորվածությունները։ Ավելին՝ Ադրբեջանի իշխանությունները բացահայտ ասում են, որ երբեք չեն ընդունի հայկական կողմի առաջ քաշած որեւէ նախապայման եւ չեն գնա զիջումների բանակցային գործընթացում։ Այս իրավիճակում անհասկանալի է դառնում, թե ինչո՞ւ պիտի ՀՀ արտգործնախարարը կամ, առավել եւս, նախագահը հանդիպեն Ադրբեջանի պաշտոնյաների հետ:
-Այսինքն՝ Դուք բացառո՞ւմ եք մինչեւ տարեվերջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը:
-Ավելի ճիշտ՝ նպատակահարմարությունը։ Պարզ է, որ Ադրբեջանը ամեն կերպ փորձում է խուսափել բանակցային գործընթացից։ Ալիեւը խոստովանել է՝ իր վրա ճնշում են գործադրում, որ ճանաչի Արցախի անկախությունը։ Սա իրականություն է, որից Ալիեւը փորձում է փախչել։ Պաշտոնական Երեւանն էլ իր հերթին ամեն ինչ անում է, որ Ադրբեջանի ղեկավարը չկարողանա դուրս գալ ծուղակից եւ ստիպված լինի տեղի տալ միջազգային ճնշումներին։ Դրա համար դիվանագիտական մեծ եւ ծանր աշխատանք է տարվում, որը կարող է արդյունավետ ավարտ ունենալ միմիայն այն դեպքում, եթե Երեւանը շարունակի հետեւողական լինել իր պահանջներում։ Ներկայիս պահանջը հետեւյալն է՝ Ալիեւը պետք է հարգի եւ կատարի Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, ինչը է՛լ ավելի կսեղմի Ադրբեջանի շուրջ հարկադրանքի օղակը։ Այս պահին առավել կարեւոր է, որ Ադրբեջանի ապրիլյան ձախողումը նրան ճնշելու եւ վերջինիս ռազմատենչ քաղաքականությունը զսպելու իրական քաղաքական գործոն է դարձել։ Այս հաջողությունը պետք է զարգացնել:
Զրուցեց Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆԸ
Ավ. լեյտենանտ
Այս նյութը դիտել են - 1737 անգամ