Վարչապետն ու պաշտպանության նախարարը դեռ դիմում չեն գրել
2016-11-21 23:12:00

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

«Այսօր կրկին ՀՀԿ ԳՄ նիստ է լինելու, որի ժամանակ քննարկվելու են կուսակցության՝ նոյեմբերի 26-ին տեղի ունենալիք համագումարին վերաբերող հարցեր: Այդ մասին մեր զրույցում ասաց ՀՀԿ կազմհանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

Նա հնարավոր համարեց, որ համագումարին ընդառաջ այս հինգշաբթի օրը եւս նիստ ունենան: Իսկ ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանի եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելուն, Ռուբեն Թադեւոսյանն ասաց, որ նրանցից դեռ նման դիմում չեն ստացել: Անդամակցության վերաբերյալ դիմումները ներկայացվում են ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողով:

«Հաշվառումը մենք ենք իրականացնում»,- հավելեց Թադեւոսյանը: Եվ քանի որ ՀՀԿ-ի համագումարին ընդամենը 5 օր է մնացել, ուստի չի բացառվում, որ հենց այսօրվա նիստի ժամանակ հայտնի դառնա, որ այս պաշտոնյաններն արդեն իրենց դիմումը գրել են»:

Այս նյութը դիտել են - 1049 անգամ