Կյանքիս մեջ առաջին անգամ առաջին անգամ այդքան մոտիկից տեսա մարդու մահը: Դուռ-դռան հարևանիս` ինֆարկտից մահացող 53-ամյա Դավիթի դեմքին տեսա մահվան շաղիկ-շաղիկ քրտինքը, հետո մի խոր հոգոց հանեց...ու հոգին ավանդեց Աստծուն:
Օջախի կաղնին կայծակնահար տապալվեց:
Կաղնին չի ընկնում ու մեռնում, կաղնին միշտ կայծակնահար է լինում։
Շտապօգնության բժիշկը ամրագրեց եզրակացությունը. «Հանկարծամահ է եղել սրտի ահագնացած տագնապի նոպայից»:
Սովորական կյանք: Ամուսնություն, զավակների ծնունդ:
Մեկ տարվա տարբերությամբ իրար հետևից երեք տղա ունեցան: Պարծենում էր, թե երեք զինվոր է տալու հայրենիքին: Տարիներ հետո պիտի պարզվեր, որ ավագ որդին լեյկոզով հիվանդ է: Ողջ կյանքում ինչ աշխատել էր, փեշով բժիշկների դեմը լցրեց: 12-ամյա տղայի ճակատին ապրելու որոշում չկար գրված: Երեխան դատապարտված էր մահվան:
Մեկ տարի հետո տղաները էլի երեքն էին: Նոր աշխարհ եկածին` դաժան կյանքը լքած եղբոր անունով կոչեցին:
Ցավն ատամների տակ սեղմած, էլի գլուխ էր գովում, որ երեք տղա ունի, հետո կատակով ավելացնում . «Մարդ է՞լ աղջիկ կունենա, որ պահի-պահի, ուրիշին տա»:
Տարիներ հետո, երբ ավագ որդին ընդամենը 2 տարի էր, ինչ բանակից եկել էր, մի շաբաթում որոշում ընդունեց ու ամուսնացրեց իրեն ծանոթ ընտանիքի աղջկա հետ:
Դառը աշխատանքով իրար վրա դրած գումարից մի կոպեկ անգամ չխնայեց տղայի հարսանիքի վրա ծախսել: Հարսանիքը շքեղ էր, կանչվորները շատ: 3 օր ու գիշեր հարսանիք արեցին:
Տղայի առաջնեկը աղջիկ ծնվեց:
Մոռացավ, որ աղջիկ երեխա «չէր սիրում»:
«Ես իմ հարսի ցավը տանեմ, հարս եմ ասել, է՜, պապին ջուր տվող է բերել, պապի համար նեղ օրվա Արև է բերել»;
Առաջին թոռնուհու անունը Արևիկ կնքեցին:
Պատահում էր, որ աշխատանքից առանց կոպեկի էր տուն մտնում, բայց Արևիկը ամեն օր մի նվեր ստանում էր: Արևիկի եղբայրը մի տարի հետո ծնվեց: Տղան որդուն հոր անունով կոչեց` Դավիթ: Մեծ Դավիթը սիրեց փոքր Դավիթին, բայց Արևիկի հասանելիք սերը ավելացավ ու չպակասեց:
Միջնեկ տղան էլ ամուսնացավ: Օջախը մեծացավ: Ապրելն ահավոր դժվարացավ: Քանի տեղ ձեռք գցեց, որ հանկարծ պարապ չմնա, բայց...իրար հետևից գործատուները սննկանում էին, ու խեղճը նորից գործ էր փնտրում:
Մեծ որդուն կանչեցին ՌՖ: Լավ գործ էին խոստացել: Հաջորդ տարի տղան իր ընտանիքի հոգսը վերցրեց հոր ուսերի վրայից:
Վարկով երկու սենյականոց տուն գնեց: Աշխատում, գումար էր վաստակում: Հույս կար, որ վարկը կամաց-կամաց կմարեր:
Միջնեկ եղբոր նորաստեղծ ընտանիքին էլ մի ուրիշը կանչեց փող վաստակելու:Նորապսակներն էլ մեկնեցին ՌՖ:
Մի տարի հետո 16-ամյա փոքր եղբորը կանչեցին, որ մինչ զինծառայության անցնելը կարողանա փոքրիշտե օգնել արդեն հիվանդ ծնողներին:
Ով մեծ ընտանիք է ունեցել, ու կիզիչ արևից գոլորշիացող ջրափոսի նման, ընտանիքի նվազումն զգացել է, նա կհասկանա, թե ինչ վիճակում էին չորս տղա ունեցած, բայց չորս պատի մեջ մնացած ծնողները:
Հիսունն անց ամուսինների ուրախությունը, իսկապես, հալալ կաթնակեր հարսն ու երկու թոռներն էին մնացել, բայց եկեք մեր սրտին հարցնենք, թե դա բավարա՞ր է, որ ծնողն իրեն երջանիկ զգա:
Վերջին տարիներին կյանքի տհաճ ու դաժան հարվածներից սաստիկ փոխվել էին ամուսինները:
Առողջությունը դավաճանում էր նրանց: Խինդը պակասել էր դեմքներից` ոչ մի տեղից հույսի արև չէր շողում: Ողջ կյանքում քրտնաջան աշխատած մարդը գործ չէր գտնում:
Տարբեր տեղերում տարբեր փորձեր արեց Դավիթն աշխատելու, դրամ վաստակելու համար:: Բոլոր տեղերում անհաջողության մատնվեց, իսկ բանկից վերցրած վարկի տոկոսներն աճում ու աճում էին:
Շատերի նման այս մեթոդից օգտվեց:
Տունը մի խոշոր բանկում բնակարանի իրական գնի քառասուն տոկոսի չափով գրավադրեց, ստացած գումարով լրիվ մանր վարկերը փակեց, բայց հիմա էլ բնակարանի վարկն ու տոկոսներն էր փակում:
Երեք ամիս առաջ հույսը կորցրած մարդուն ինֆարկտ էր խփել, բայց ինքն էլ չէր հասկացել: Երբ դիմեց բժշկի, արդեն վիճակը լուրջ էր: ինչպես ինքն էր ասում, թոշակը չէր բավարարում դեղեր առնելուն: Օրական մի բուռ դեղ էր խմում:
...Մի քանի օր առաջ միջնակ տղան աղջիկ երեխա էր ունեցել Մոսկվայի կլինիկաներից մեկում: Խեղճ մարդը աշխարհով մեկ էր եղել, բայց մի խոր վիշտ կրծում էր հոգին.«Ո՞նց թե, ես թոռ ունենամ, բայց միայն հեռախոսի էկրանին նկարը տեսնելու հնարավորություն ունենա՞մ:
Տղես հանգստացրեց` «տուն տանենք, ՍԿԱՅՊՈՎ ցույց կտանք, պապ ջան, մի մտածի»...Ա՛յ շուն շան-որդի, ո՞նց թե` մի մտածի: Սա աշխարհի վերջն ա, որ մարդ իր միս ու արյունից ծնվածին կամ նկարով պիտի տեսնի, կամ /սկայպի անունն էլ մոռանում էր/ էն զահրումարով»:
Հայկական, ավանդապաշտ ընտանիքից դուրս եկած, սուպերաշխատասեր հարևանիս սիրտը 53 տարեկանում չդիմացավ, չհարմարվեց, չընտելացավ այս կարգերին, նոր «կյանքին» ու նոր դրվածքներին: Մարդը ո՞ւմ պատմի իր անտակ ցավը...
Մահացավ 4 պատի մեջ` կնոջ կողքին, զավակների կարոտը սրտում, հազար ու մի նպատակ ու երազանք հոգու մեջ անթեղած, մի աչքը կուշտ ու փակ, մյուսը`կյանքից չկշտացած, հավատով, հույսով ու օվկիանոս սպասումով լեցուն:
Տղաներից երկուսը հաջորդ օրը եկան:
Միջնակ տղային են սպասում, ում հայրենիք վերադառնալու փաստաթղթերը ոչ մի կերպ չէր դասվորվում:
Երրորդ տղան էլ եկավ: Երեք անգամ ականատես եղա մերօրյա «ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆԸ»;
Դա անտանելի է տեսնել և անհնար է պատմել...
Մեր հայրենիքում մարդու կյանքը 3 արարից ողբերգություն է դարձել. ԾՆՎԵՑ, ԱՊՐԵՑ, ՄԱՀԱՑԱՎ - երեք բառերի տակ թաքնված տողատակերով:
Ներկա պահին իմ տեսածից ու լսածից ես էլ եմ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՂԲԵՐԳՈւԹՅՈւՆ ապրում: