Քրդերը պատրաստ են ճանաչել Հայոց Ցեղասպանությունը2016-11-22 09:39:00
Իրաքի Քուրդիստանի մշակութային մայրաքաղաք Սուլայմանիում նոյեմբերի 20-ից 23-ը տեղի ունեցավ Գալավեժի թվով 20-րդ փառատոնը, որը նվիրված էր հայ-քրդական առնչություններին:
Պաշտոնական բացումը քաղաքի Թավար դահլիճում, որտեղ ներկայացված էին նաև հայկական մշակութային ժառանգության նմուշներ՝ գորգեր և տարազ, վերապահված էր հայկական պատվիրակության ղեկավար Ատոմ Մխիթարյանին:
Իրաքում ՀՀ դեսպանատան կցորդ - հյուպատոս Սմբատ Խաչատրյանը ողջունելով փառատոնի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ կարևորեց մշակութային կապերի ամրապնդումը, ժողովուրդների միջև բարեկամության կամուրջների կառուցումը: Նա հատկապես կարևորեց Հայոց Ցեղասպանությանը նվիրված քննարկման անցկացումը: Անդրադառնալով Հայաստանում քրդական համայնքին՝ Ս. Խաչատրյանը նշեց, որ նրանք հայկական հասարակության լիիրավ անդամ են՝ սեփական լեզուն, կրոնը, մշակույթը և ավանդույթները պահպանելու սահմանադրորեն ամրագրված իրավունքներով:
Ծրագրում մեկ օրը նվիրված էր Հայոց ցեղասպանության թեմային, որը վարում էր լրագրող, քաղաքական մեկնաբան Հեմն Մամրաշը:
Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը ներկայացրեց Օսմանյան կայսրությունում հայկական բնակչության կարգավիճակի խնդիրը, ինչպես նաև թուրքական իշխանությունների դիրքորոշման քաղաքականության շարունակականությունն այդ հարցում: Ներկայացվեց նաև պանթուրքական քաղաքականության առաջացումը, որը միախառնվելով սեփական ստորադաս քաղաքականությունը փոխելու հայերի ձգտման հակադարձելու զգացման հետ հանգեցրեց ցեղասպանության իրականացման գաղափարին: Ս. Մանուկյանն անդրադարձավ Հայոց Ցեղասպանության իրականացման փուլերին և հետևանքներին: Նա շեշտեց, որ Հայոց Ցեղասպանությունը միայն հայոց պատմության դրվագ չի, այլ մարդկության պատմության մաս: Այդ առումով թեմայի բարձրաձայնումը, քննարկումը, Հայոց Ցեղասպանության դատապարտումը անհրաժեշտ է ապագայում ցեղասպանությունների դեմ պայքարելու տեսակետից:
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ- քրդական առնչությունների բաժնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Վահրամ Պետրոսյանը ներկայացրեց հայ-քրդական հարաբերությունների հիմնական փուլերը՝ առկա հիմնախնդիրներն ու համագործակցության պոտենցիալը: Առանձնահատուկ կարևորություն տրվեց Հայաստան /ՀՀ, ԼՂՀ/ - Իրաքի Քուրդիստանի /ԻՔ/ ինքնավարություն հարաբերություններին: Բանախոսն հույս հայտնեց, որ Քուրդիստանի հայրենասիրական միությունն իր նպաստը կբերի ոչ միայն ԻՔ-ի, այլ Իրաքի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձևի ընդունմանը: Զեկուցողն առանձնահատուկ անդրադարձավ նաև Հայաստանի քրդական համայնքին, նշելով Հայաստանի դերը քրդական մշակույթի և կրթության զարգացման գործում: Վահրամ Պետրոսյանը դիտարկեց հայ-քրդական հարաբերությունները տարածաշրջանային զարգացումների և Թուրքիա-ԻՔ հարաբերությունների համատեքստում՝ ներկայացնելով ՀՀ-ԻՔ հարաբերությունների հնարավոր զարգացումների սցենարները:
Հայկական պատվիրակության ղեկավար, Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանն էլ իր զեկույցում անդրադարձավ Հայոց Ցեղասպանությունից հետո ձևավորված սփյուռքին, դրա կառուցվածքային զարգացմանը: Նշվեց, որ հայկական սփյուռքը մեծ ազդեցություն ունի Հայաստանի տնտեսության, քաղաքականության, կյանքի մյուս բնագավառների վրա և հանդիսանում է նրա կարևոր շարունակությունը: Ա. Մխիթարյանը ընդգծեց սփյուռքյան կառույցների դերն աշխարհի տարբեր երկրներում ազգային խնդիրների, այդ թվում և Մեծ Եղեռնի ճանաչման հարցի բարձրացման գործում և կոչ արեց միջազգային մակարդակի բարձրացնել հայ-քրդական գործակցությունը՝ տարբեր երկրներում աջակցելով միմյանց նախաձեռնություններին: Նա մեջբերեց քուրդ քաղաքական գործիչ Ս. Դեմիրթաշի խոսքից, որտեղ Թուրքիային կոչ է արվում հաշտվել պատմության հետ և ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Այդ հարցում չպետք է հապաղեն նաև Քուրդիստանի ինքնավարությունն ու Իրաքը:
Այս հատվածում ելութ ունեցան նաև քուրդ փորձագետներ, որից հետո ծավալվեց թեժ քննարկում: Քուրդ մասնագետները բոլորովին չէին ժխտում, որ քրդերը մասնակցություն են ունեցել ցեղասպանության իրագործմանը, բայց, միաժամանակ, ակնածանքով հույս էին հայտնում, որ քսաներորդ դարի արհավիրքը չի կարող խոչընդոտ հանդիսանալ այսօր հայ-քրդական հարաբերությունների բարելավմանը: Եվ, այստեղ է, որ պետք է կարևորվի ժողովրդական դիվանագիտությունը, որին կարող են նպաստել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, գիտնականները, մշակութային գործիչները: Համապատասխան գրագետ աշխատանքի արդյունքում քրդերը պատրաստ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ծրագրի մյուս հատվածում Հանրային ռադիոյի Քրդերեն բաժնի խմբագիր Տիտալ Չոլոյանն անդրադարձավ քրդական հաղորդման առանձնահատկությանը և Հայաստանում քրդերի համայնքի խնդիրներին ու հնարավորություններին:
Տերյան մշակութային կենտրոնի կողմից ստեղծված տարազներն ու գորգերի նախագծերը ներկայացված էին առանձին տաղավարով: Կենտրոնի փոխտնօրեն Նաիրա Մխիթարյանը ներկայացրեց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գորգը, դրա խորհուրդը, իսկ հայկական ազգային տարազը կրող երիտասարդներն այս օրերին դարձել էին հայտնի՝ փառատոնի բոլոր մասնակիցները նրանց հետ լուսանկարվում էին և տարածում սոցիալական ցանցերում:
Հայ-քրդական բարեկամություն ՀԿ համանախագահ Նազինե Խալաֆյանն էլ փառատոնի մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի քաղաքացիական հասարակության ձեռքբերումները:
Գալավեժ մշակութային փառատոնին մասնակցում էին տեղի քաղաքական և մշակութային հայտնի գործիչներ՝ ԻՔ փոխվարչապետը, Իրաքի մշակույթի նախարարը, ԻՔ բարձրագույն կրթության և գիտության, մշակույթի նախարարները, Քուրդիստանի հայրենասիրական միության գործադիր մարմնի ղեկավարը, ինչպես նաև քուրդ մտավորականության ազդեցիկ ներկայացուցիչներ:
Աստղիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Իրաքի Քուրդստանից
Այս նյութը դիտել են - 1215 անգամ