Աշոտյանին վռնդում են եթերից
2016-11-22 10:04:00
Հանրային հեռուստատեսությունում կատարված վերջին կադրային փոփոխությունները ենթադրում էին նաև բովանդակային վերանայումներ: Ու դա հասկանալի էր: Ընտրություններից առաջ, կոպիտ ասած, անհրաժեշտ էր ամեն ավելորդ բան դուրս նետել և պահել միայն արդյունավետը: 
Այդ իսկ պատճառով էլ տեղեկությունն այն մասին, որ նախատեսված է հունվարից փակել ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի` Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Եռանկյունի» հեղինակային հաղորդումը, բոլորովին պատահական չէ:
Հիմա միայն Աշոտյանը կարող է պնդել, թե հաղորդման դադարեցումը պայմանավորված է բոլորովին այլ հանգամանքներով և որևէ կապ չունի իր անձի և դրա որակի հետ, սակայն սա ընդամենը ինքնամխիթարանքի նման մի բան է, որն ընդհանուր ոչինչ չունի իրականության հետ:
Օրինակ, Արմեն Աշոտյանը պնդում է. «Խոսքը գալիք խորհրդարանական ընտրությունների մասին է և, զերծ մնալով հնարավոր քաղաքական շահարկումներից, որոնք կարող են շաղկապված լինել եթերի նախընտրական մոնիթորինգի և ժամանակի տևողության հետ, կարծում եմ, որ ճիշտ է մինչև խորհրդարանական ընտրություններ հաղորդման հեռարձակումը ժամանակավորապես դադարեցնել»:
Բայց արի ու տես, որ նա ոչինչ չի ցանկանում խոստովանել այն մասին, որ իր նշած ներքին ու արտաքին մոնիթորինգի արդյունքում տվյալները, մեղմ ասած, հուսադրող չէին, ու բացի այդ էլ ՀՀԿ–ն չի ցանկանում, որ իր փոխնախագահի վարած հաղորդումը ազդի կուսակցության առանց այդ էլ ցածր վարկի վրա, և որոշվել է ժամանակավորապես փակել այն:
Նախկին նախարարարի համար, ինչ խոսք, ցավալի է այս փաստը խոստովանել: Հիմա Աշոտյանն իրեն բոլորովին վտարված ու անպետք պիտի համարի: Մինչդեռ «Եռանկյունի» հաղորդումը նրան տալիս էր ամենակարևորը:
Ինչպես մի առիթով խոստովանել էր, իր համար շատ ավելի կարևոր է «talk»-ը (խոսելը), քան show-ն: Իսկ Արմեն Աշոտյանին խոսել պետք է, որովհետև դրանից բացի նա այլ բան անել չի կարողանում:
shame.am
Այս նյութը դիտել են - 1426 անգամ