Վերջին շրջանում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դեմ հրապարակային հարձակումներն և քննադատությունները էականորեն աճել են: Պատճառները տարբեր են՝ սկսած նրա ընտանիքի անդամների պահվածքից, ավարտած բանակում տեղի ունեցող միջադեպերով: Թե որքանով են արդարացի նախարարին թիրախի տակ պահողները, սա այլ քննության նյութ է: Սակայն սրա հետ մեկտեղ քիչ չեն նրանք, ովքեր պատրաստ են ատամներով պաշտպանել Օհանյանի պատիվն ու արժանապատվությունը: Միայն թե նման պաշտպանության համար ընտրել են զարմանալի տարբերակներ:
Վերջին դեպքը կապված է ֆեյսբուքյան մի օգտատերի՝ Կարեն Հարությունյանի գրառման հետ: Առաջնագծում զինվորի սպանվելու փաստի առիթով օգտատերը կծու արտահայտություններ էր օգտագործել պաշտպանության նախարարի և նրա ղեկավարած գերատեսչության հասցեին: Շատերն էին արձագանքել: Արձագանքողների մեջ էր նաև գեղեցկուհի երգչուհի, ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը: Եվ ահա թե նա ինչ էր գրել. «Լսի այ լակոտ, գրածներդ կարդացի ու գրածիդ այն 16 հավանություն տվող կենդանիներին էլ տեսա, ուշադիր լսի, չհամարձակվես այդ գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել Երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության Նախարարի հասցեին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ, ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ, կրկնում եմ աչքերդ կհանեմ»:
Զայրացած գեղեցկուհին իր վրդովմունքի համար կարող է բազում պատճառներ ունենալ: Սակայն գրության ոճն ու սպառնալիքների բովանդակությունը հիշեցնում է մեկ այլ պատգամավորի՝ հանրահայտ Շմայս բռնաբարին, որը նույն պատճառներով պատրաստ էր մարդկանց ականջը կտրել և բռնաբարել: Ստացվում է, որ ԱԺ-ում ձևավորվում է ահաբեկիչների մի հետաքրքիր խմբակցություն՝ Շմայս բռնաբարի հետևորդների թիմը: Սրանց գործառույթներին ավելացել է ևս մի կարևոր առաքելություն՝ ինքնադատաստան տեսնել բոլոր նրանց հետ, ովքեր կհամարձակվեն Սեյրան Օհանյանի մասին ասել, թե նրա աչքի վերևում հոնք կա: Ու եթե Շուշան Պետրոսյանը մարտականորեն է տրամադրված, ապա Կարեն Հարությունյանի տեսողությունը լուրջ վտանգի տակ է:
Դե, իսկ նախարար Օհանյանին կարելիէ նախանձել: Գոնե նրա համար, որ չկա այս երկրում որևէ նորմալ մարդ, որի համար պատրաստ են «վիզ» դնել շատ ուրիշներ:
Այս նյութը դիտել են - 2168 անգամ