Վերջին շրջանում շատ է խոսվում տնտեսության մեջ և մասնավորապես մաքսային ոլորտում բարեփոխումների մասին, սակայն չափազանց կարևոր է, որ փոփոխությունների մասին հայտարարությունները չմնան զուտ գեղեցիկ խոսքեր, այլ հասարակ քաղաքացիները տեսնեն այդ փոփոխությունների պտուղները։
Օրինակ, հայտարարվել էր, որ մաքսազերծման գործընթացները կարգավորվելու են և պարզեցվելու, սակայն մինչ օրս մարդիկ ապրանք ներկրելուց, ընդ որում անձնական օգտագործման ապրանքներ, խոչընդոտների են հանդիպում։ Ձմեռը մոտենում է և շատ վարորդներ գնում են Վրաստանից ձմեռային անվադողեր բերելու, սակայն նրանց մեկից ավելի անվադող Հայաստան բերել թույլ չեն տալիս։ Սա աբսուրդ է։
Հայաստանում շատ ապրանքների գներ ուրճացված են և մարդիկ իրենց ծախսերը նվազեցնելու համար այդ ապրանքները գնում են Վրաստանից։
Գիտեք, նաև ամոթալի է և նույնիսկ նվաստացուցիչ, որ Հայաստանի քաղաքացիները ստիպված են ավելի թանկ անվադող գնել միայն նրա համար, որ «դժբախտություն են ունեցել» Հայաստանում ապրել։
Չի կարելի երկիրը պահել սեփական քաղաքացիների բարեկեցության հաշվին։ Պետեկամուտները պետք է ապահովվեն տնտեսական զարգացման, այլ ոչ թե երկրի բնակիչներից վերջին կոպեկը շորթելու հաշվին։
Ես չգիտեմ, և դա ինձ չի էլ հետաքրքրում, թե ում մեղքով է, որ ես և իմ նման շատ մարդիկ ստիպված են նման խոչընդոտների հանդիպել․ ես էժան անվադողեր եմ ուզում մեքենայիս համար։ Եվ այսպես մտածում են բոլորը։ Այս բոլոր գեղեցիկ հայտարարությունները, որ արվեցին, կարող են շրջվել դրանք անողների դեմ, եթե այդ փոփոխությունները, որոնց մասին խոսվում էր, կյանքի չկոչվեն։
Մի երկու խոսք էլ այդ չարաբաստիկ բանանների մասին ու «բանանի օֆշորային թագավոր» Միհրան Պողոսյանի մասին ասեմ։
ՊԵԿ-ը վերջերս մի հաղորդագրություն էր տարածել, թե ինչ-որ «անհայտ անձինք» փորձել են խոչընդոտել գործարարի կողմից Հայաստան բանան ներկրելը ու ՊԵԿ-ի տղերքն էլ աջակցել են, որ այդ գործարարի բեռը տեղ հասնի։
Չէ, դա լավ է, որ աջակցել են։ Բայց սա ի՞նչ ձև է։ Հետո՞։
Պագրիշկա բերելու՞ց էլ ՊԵԿ-ին դիմենք, որ աջակցի։ Փաստորեն քրեական հանցագործություն է կատարվել, ՊԵԿ-ն էլ իրեն պահել է շատ ազնիվ իրավապաշտպան ՀԿ-ի պես, աջակցելով քաղաքացուն, որ իր իրավունքները չխախտվեն։
Բայց, եթե չեմ սխալվում, ՊԵԿ-ը ՀԿ չի, այլ պետական կառույց և այդ հարցով պետք է զբաղվեին իրավապահ մարմինները։
Այդ «բանանացավ կպած անհայտ անձանց էլ» պետք էր հայտնաբերել ու պատժել օրենքի ողջ խստությամբ։
Բայց քանի որ մենք ապրում ենք Հայաստանում, Միհրան Պողոսյանին ոչ միայն չեն պատժում՝ բանանի և օֆշորի համար, այլ մի բան էլ ՀՀԿ-ի ցուցակով ուզում են դեպուտատ դարձնել։