Վիգեն Սարգսյանին մեղադրում են ուրիշի գաղափարները յուրացնելու համար
2016-11-23 10:59:00

Վիգեն Սարգսյանը դեռ նոր է ստանձնել պաշտպանության նախարարի պաշտոնը, բայց այս կարճ ժամանակահատվածում այնքան քննադատությունների ու գրոհների արժանացավ, որ նրանից դեռ շատ ժամանակ կպահանջվի այդ բոլորը մարսելու համար:

Սակայն նախարարի գործած ու չգործած մեղքերի շարքից պիտի առանձնացնել մեկը, ինչը հատկապես հետաքրքիր է:

Բանն այն է, որ այս էլ մի քանի անգամ նրան մեղադրում են ուրիշի գաղափարները յուրացնելու համար:

Առաջին դրվագը արձանագրվեց այն ժամանակ, երբ Վիգեն Սարգսյանը բարձրաձայնեց բանակ-պետություն գաղափարը կյանքի կոչելու մասին: Նույնիսկ հատուկ գիտաժողով հրավիրեց այդ թեմայի առիթով: Եվ հենց այդ պահին էլ նրան հակադարձեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Վերջինս հայտարարեց, թե բանակ-պետություն կոնցեպտի հեղինակն իր եղբայրն է՝ Վազգեն Սարգսյանը, և հիմա նորանշանակ նախարարը յուրացնում է մի բան, ինչն իր «հագով չէ»:

Թե նախարարն այս առիթով ինչ է մտածում, դեռ հայտնի չէ: Բայց այս մի «գրագողությունը» լիովին չմարսած, հիմա էլ նա հայտնվել է երկրորդի առաջ, իսկ նրան մեղադրողն էլ ոչ այլ ոք է, քան «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը:

Տիկին Զախարյանն այսօր հայտարարել է, որ նախաձեռնությունը, ըստ որի յուրաքանչյուրի աշխատավարձից հազար դրամ պահումներ են արվելու` մարտական գործողությունների ժամանակ մահացած զինվորների ընտանիքներին ու զինհաշմանդամներին օգնելու համար, իրականում պատկանում է իրեն, իսկ Վիգեն Սարգսյանը դա յուրացրել է:

«Այս վերջին աղմկահարույց օրինագիծը, որ ընդունվեց զինվորական ապահովագրության մասին, կրկին իմ պահանջն է եղել կառավարությանը, որ իրավական ստատուս պետք է ստանա: Եվ այսօր Վիգեն Սարգսյանի անունն է, չգիտես ինչու, հնչում»,- զայրացել է նա

Այսքանից հետո դժվար է նախանձել պաշտպանության նախարարին, եթե նա իսկապես մնացել է ուրիշների առաջադրած գաղափարների հույսին:

Իսկ եթե ասվածին էլ գումարենք ինտելեկտուալ սեփականության դեմ ոտնձգությունների փաստը, ինչի համար նրան ուղղակիորեն մեղադրում են, ապա պաշտպանության նախարարին լուրջ պաշտպանություն է պետք:

shame.am

Այս նյութը դիտել են - 1161 անգամ