«Դե արդեն вокруг да около եք գնում, էլի...».Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյան
2016-11-23 12:36:00
Վանաձորում, ինչպես ասում են, բանը բանից անցել է: Նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն իրեն չի զգում լիրարժեք ղեկավար, ընդդիմադիր ուժերը բոյկոտում են ավագանու նիստերը, իսկ քաղաքի բյուջեն մնացել է առանց հաստատման: 
Ահա այս իրավիճակում ՀՀԿ-ն խստագույն պահանջ է դրել՝ կարճ ժամանակու հարթել խնդիրը և անցնել բնականոն աշխատանքի:
Սակայն ինչպե՞ս:
Այս հարցի պատասխանը ներկա պահին ունի միայն մեկ մարդ, և այդ մարդը ՀՀԿ Լոռու տարածքային խորհրդի նախագահ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն է: Վերջինս գրեթե վստահ է, որ ամեն բան լավ է լինելու:
Կարելի էր մտածել, թե Նալբանդյանի լավատեսությունը դեռ ոչինչ չի նշանակում, քանի որ, մեծ հաշվով, նա չէ, որ ի զորու է կարգավորել բարդ իրավիճակը:
Սակայն մինչ հետևություններ անելը ավելորդ չէր լինի հիշել, թե նախկինում ուրիշ ինչե՞ր է ասել մարզպետը և ինչ կատարվեց դրանից հետ:
Սկսենք թեկուզ այն պահից, երբ քաղաքապետի ընտրությունից առաջ ընդդիմադիրները հուշագիր ստորագրեցին, միասին ունեին 18 ձայն, սակայն արդյունքում ՀՀԿ-ի թեկնածուն 15 ձայնի փոխարեն ստացավ 19-ը: Առաջիններից մեկը հենց Նալբանդյանն էր, որ ժամանակին կասկած հայտնեց, թե ընդդիմությունը կհաղթի ու չսխալվեց: Տպավորությունն այնպիսին էր, որ նա դրա մասին նախապես գիտեր:
Այսօր էլ կրկնվում է հին պատկերը:
Արթուր Նալբանդյանը նախ զարմանում է, թե ինչպես է, որ քաղաքապետը չի կարողանում նիստ գումարել, քանզի կարծում է, որ նա իմպոտենտ չէ, իսկ հետո ասում է. «Կարա մի նիստ հրավիրի ու քվորում չապահովվի, հիմա երկրորդ նիստը երբ որ կհրավիրեն ու քվորում չի լինի, այն ժամանակ նոր կարելի է խոսել»:
Ուրեմն, մի բան գիտի: Ճիշտ այնպես, ինչպես օրեր առաջ էր: Իսկ հարցին, թե վստա՞հ է, որ երկրորդ նիստին քվորում կապահովվի, Լոռու մարզպետը պատասխանում է. «Դե արդեն вокруг да около եք գնում, էլի...»:
Вокруг да около չգնալու համար այժմ պահանջվում է ընդամենը մի փոքր համբերություն, և այն ժամանակ վերջնականապես կհամոզվենք, թե Լոռու մարզպետն ինչքանով է առնչվում պայծառատեսության հետ:
shame.am
Այս նյութը դիտել են - 1656 անգամ