«Հայերն այսoր»-ի մասին Հրանուշ Հակոբյանը ոչինչ չի ասի, որովհետև Վերահսկիչ պալատն արդեն ասել է
2016-11-23 13:03:00
Օրեր առաջ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մեծագույն բավականությամբ թվարկում էր այն արատները, որոնցից զերծ է մնացել «թե անցած, թե ներկա ռեժիմի» օրոք, ինչի շնորհիվ էլ վերանշանակվել է։ «Դուք՝ որպես լրագրողներ, պետք է խորանաք և տեսնեք՝ արդյոք Հրանուշ Հակոբյանը անցած ռեժիմում, ներկա ռեժիմում, երբ իրեն որևէ աշխատանք է հանձնարարվել, նա իրոք անօրինություն է կատարե՞լ, գողություն է արե՞լ , կոռուպցիայի մեջ է մեղադրվե՞լ, այլանդակություններ արե՞լ, որի համար նա չպետք է շարունակի աշխատել»,- ասում էր նա։
Թե լրագրողներին որքան հաջողվեց խորանալ տիկին Հրուշի կյանքի ու գործի մութ ծալքերի մեջ, հստակ չէ: Իսկ ահա Վերահսկիչ պալատը կարծես թե թափանցել է այնպիսի տեղեր, որտեղ Հակոբյան Հրուշը չէր ցանկանա, որ կողմնակի աչքերը տեսնեին:
Ու ոչ միայն թափանցել է:
Մի վատ բան էլ է արել՝ ուսումնասիրել է սփյուռքի նախարարության 2015 և 2016 թվականների ծախսերը և բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել:
ՎՊ-ի հաշվետվության մեջ դրանք կազմել են բազմաթիվ էջեր՝ հողին հավասարեցնելով Հրանուշ Հակոբյանի ինքնագոհ վստահությունը:
Հիմա արդեն սփյուռքի նախարարը չի համարձակվի լրագրողներին ասել, թե ինքն անբասիր է, որովհետև նրանցից մեկնումեկն անպայման կհարցնի՝ տիկին նախարարուհի, իսկ ի՞նչ կասեք «Հայերն այսoր» էլեկտրոնային օրաթերթի և էլեկտրոնային գրադարանի պահպանման ծախսերի համար հատկացված 30 մլն 36.4 հազար դրամի և տարածքի վարձակալության համար վճարված 1 մլն 805.8 հազար դրամի մասին:
Եվ Հակոբյանը ոչինչ չի ասի, որովհետև Վերահսկիչ պալատն արդեն ասել է, որ այնտեղ որոշ բաներ մաքուր չեն, այսինքն` տիկին Հակոբյանն, ամենայն հավանականությամբ, լափել է այդ գումարները, քանզի նրանից բացի ոչ ոք այդ բանը չէր կարող անել:
ՎՊ-ն սիրիահայ ուսանողներին կրթաթոշակներ հատկացնելու նպատակով կառավարության որոշմամբ պահուստային ֆոնդից հատկացված 24 մլն 656 հազար դրամի մասին էլ է ասել, որտեղ 3 մլն 131 հազար դրամի մնացորդ է հայտնաբերվել: Ասել է ուսումնական գրականությունը պահեստավորելու համար սփյուռքի նախարարության և «Զանգակ-97» ՍՊԸ միջև կնված պայմանագրի մասին, երբ վարձատուն ընտրվել է առանց մրցույթ անցկացնելու` բանակցային ընթացակարգով, առանց հայտարարություն հրապարակելու, գնման ձևով:
Արձանագրել է նաև, որ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտություններ» ծրագրով նախարարությանը պետական բյուջեից յուրաքանչյուր տարի հատկացվել է 14 մլն 400 հազար դրամ, իսկ նախարարության կողմից չի մշակվել ընթացակարգ` պատվիրվող հետազոտությունների գնահատման չափորոշիչները որոշելու համար:
Փոխարենը «Այլ վարձատրություններ» հոդվածի միջոցների հաշվին 3 մլն 958.3 հազար դրամով պարգևատրվել են նախարարության աշխատակազմի ծառայողները, որովհետև նրանց աշխատանքը՝ Հրանուշ Հակոբյանինն էլ՝ ներառյալ, իրոք արժանի է խրախուսանքի:
Վերահսկիչ պալատը դրանում արդեն համոզվել է: Հերթը հիմա մերն է:
Դե, ինչ կարող ենք ասել: Տիկին Հակոբյան Հրուշն է սա, նախկինում կոմսոմոլ, ներկայում` Կարապետյան եղբայրների խնամի և նախարար, ոչ վաղ անցյալում` նույնպես նախարար կամ ԱԺ հանձնաժողովի նախագահ: Հրուշն ազգային արժեք է, իսկ եթե դա չեն հասկացել Վերահսկիչ պալատում, ուրեմն, մեղքն իրենցն է և պետք է պատժվեն:
Եվ հավանաբար, դա է պատճառը, որ վերջերս ակտիվացել են ՎՊ նախագահի պաշտոնանկության լուրերը:
shame.am
Այս նյութը դիտել են - 2108 անգամ