Կա իրական մտավախություն, որ Ղարաբաղում կարող է տեղի ունենալ եւս մեկ լայնածավալ էսկալացիա
2016-11-23 21:40:00

 

Կա իրական մտավախություն, որ Ղարաբաղում կարող է տեղի ունենալ եւս մեկ լայնածավալ էսկալացիա։ Այս մասին NEWS.am –ին տված հարցազրույցում ասել է Caucasus Survey–ի խմբագիր, Chatham House –ի վերլուծաբան Լոուրենս Բրոերսը։
Նրա խոսքով, չնայած ապրիլից հետո համեմատական հանգիստ ժամանակաշրջանին, աշնանը նորից դիտարկվում են բանակցությունների ձախողման համար փոխադարձ մեղադրանքներ, նաեւ հրադադարի խախտումներ ու «ռազմական կեցվածքի դրսեւորումներ՝ լայնածավալ զորավարժությունների անցկացումներով ու նոր տեխնիկայի ձեռքբերումներով»։
«Բանակցային գործընթացին միանալու փոխարեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությունը ժամանակը հատկացրել է ներքին խնդիրների լուծմանն ու կառավարության ապահովմանը։ Միաժամանակ միջազգային մթնոլորտը մնում է անկայուն, քանի որ ամեն ինչ դիտարկվում է ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքների ազդեցության պրիզմայով՝ ի՞նչ են դրանք նշանակում Ռուսաստանի, Հարավային Կովկասի ու Մինսկի գործընթացի համար։ Թրամփի աշխատակազմը գրեթե հաստատ նշանակում է ավելի քիչ ուշադրություն ղարաբաղյան բանակցություններին ու ավելի քիչ լծակներ հավաքական միջնորդության համար»,- համարում է վերլուծաբանը։
Նրա խոսքով, նախագահների հանդիպումը նույնքան «անորոշ է», որքան սովորաբար, իսկ Համբուրգում դեկտեմբերին ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի շրջանակում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումը մեծ առաջխաղացում չի խոստանում։ «Դրա փոխարեն կա վտանգավոր իրավիճակ՝պատերազմի շեմին, որի դեպքում թե մայիսին ձեռքբերված պայմանավորվածությունների հաստատման մասին հրապարակային ելույթները, թե շարունակվող փակուղային իրավիճակը, կարող են հասարակական բարկություն առաջացնել։ Կա միջազգային իրադրության անորոշությամբ օգտվելու ու էսկալացիայի դիմելու ստիմուլ։ Ապրիլյան իրադարձություններից հետո «սահմանափակ էսկալացիայի» հետեւանքով լայնածավալ պատերազմի ռիսկերից ոչ մեկը չի նվազել, ու իրավիճակը ծայրաստիճան վտանգավոր է մնում»,- համարում է Բրոերսը։

 

Այս նյութը դիտել են - 1735 անգամ