Վարչապետի մեքենաների կոմֆորտի համար հատկացվում է 76 միլիոն
Կառավարության նոյեմբերի 24-ի նիստի օրակարգում ներառված է հանրապետության որոշ ճանապարհների հիմնանորոգման համար գումար հատկացնելու որոշման նախագիծը:
Այս նախագծի հեղինակ` տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն առաջարկում է Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում ծրագրի խնայված միջոցներից կատարել վերաբաշխում՝ 349 միլիոն դրամի չափով: Նախագծում նշված է. «Ձյունառատ ձմռան և դրան հետևած անձրևների հետևանքով հանրապետության մի շարք միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների որոշ հատվածներում տեղի են ունեցել փլուզումներ, ճանապարհահատվածները դարձել են ոչ երթևեկելի և խոչընդոտում են անվտանգ երթևեկության ապահովմանը:
Ուստի անհրաժեշտություն է առաջացել իրականացնել Մ-4-Պտղնի-Գետամեջ 4,925 կմ երկարությամբ ճանապարհահատվածի սողանքային երևույթների հետևանքների վերացման և անցանելիության ապահովման աշխատանքներ»:
Առաջարկվում է վերաբաշխված 349 միլիոն դրամից 76 միլիոնն ուղղել նշված օբյեկտի հիմնանորոգման և նախագծային աշխատանքներին, իսկ 272 միլիոն դրամը՝ կառավարության պահուստային ֆոնդին: Շինարարական և նախագծային աշխատանքների, տեխնիկական հսկողության ծառայությունների գնման ձեւը՝ «բանակցային ընթացակարգ հայտարարությամբ»:
Ահա այսպիսի մարդասիրական նախագիծ:
Անգամ կարելի է հավատալ, թե ՀՀ կառավարությունն իսկապես ձեռնամուխ է լինում երկիրը կարգի բերելու:
Սակայն դա ընդամենը միամիտ մարդու վարկած է: Իսկ Պտղնի գյուղի հանդեպ հոգատարության միակ պատճառն այն է, որ վարչապետ Կարապետյանն այնտեղ առանձնատուն ունի: Եվ նա հոգնել է իր շքեղ մեքենաները վտանգի ենթարկել այդ ճանապարհին: Ուստի այն շտապ վերանորոգելու օբյեկտիվ կարիք առաջացավ:
Իսկ կառավարության առաքելությունն էլ այն է, որ վավերացնի վարչապետի երկրային առաքելությունների իրականացման խոչընդոտների վերացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները:
Ուրախացնում է նաև այն, որ վարչապետից բացի այդ ճանապարհի հիմնանորոգումից կխերվեն նաև Պտղնի և Գետամեջ գյուղերի բնակիչները, որոնցից շատերը, հավանաբար, կհետևեն վարչապետի օրինակին և նժդեհական կդառնան` 2017-ի ապրիլին ՀՀԿ-ի օգտին անվճար քվեարկելու հեռանկարով:
shame.am