Անցած հանգստյան օրերին հաղորդվեց այն մասին, որ Հայաստան են այցելել մեծ թվով «օրենքով գողեր»: Քրեական հեղինակությունների մեծաթիվ «ներգաղթը» տարատեսակ մեկնաբանությունների արժանացավ: Ոմանք գրեցին, թե մեր երկրում նրանք իրենց հերթական «սխոդկան» են գումարել, մյուսները պնդեցին, որ պարզապես եկել են ամանորի տոներն անցկացնելու և իբրև նախընտրելի հանգստի վայր հանգրվանել են Ծաղկաձորում:
Բայց առավել հատկանշականն այն էր, որ գողերին մեծ պատիվներով դիմավորել և նրանց հետ հանդիպումներ էին ունեցել Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս փաստը նոր չէ, սակայն ամեն անգամ առիթ է տալիս լրացուցիչ վրդովմունքի այն պարզ պատճառով, որ իշխանական մարմինների վարկաբեկման ավելի բարոյազուրկ ձև չկա, քան սա է:
Այսպես կարող է մտածել յուրաքանչյուր մարդ, ով քիչ թե շատ մտահոգված է սեփական երկրի վարկով: Բայց ինչպե՞ս կարող է նման մտքեր ունենալ, ասենք, ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը: Շմայսը նույնիսկ մեծ զարմանք է ապրել, երբ իրեն հարցրել են դրա մասին: «Ի՞նչ ա, գողականները մարդ չեն»,- հարցին միանգամից հակադարձել է նա:
Իհարկե, մարդ են: Եվ մեր իշխանությունները պիտի գրկաբաց ընդունեն բոլոր եկող-գնացող մարդկանց: Ըստ Շմայսի տրամաբանության, հայ պաշտոնյաները նույնպիսի ջերմությամբ պիտի ընդունեն, օրինակ, ադրբեջանցի մարդասպան Սաֆարովին, որովհետև թեև հանցագործ է, բայց մարդ է: Կարելի է հյուրընկալել Իսլամական Պետության ֆանատիկ ահաբեկիչներին: Նրանք էլ են մարդ: Ու էլի շատ շատերի, որոնց անունները ատելություն ու արգահատանք են հարուցում, բայց դե ինչ կարող ես անել, մարդ են ծնվել:
Բայց Շմայսը Շմայս չի լինի, եթե հատուկ կարգով չցուցադրի իր նժդեհական-ազգայնական-հանրապետական արմատները: Եվ նա նույնիսկ «օրենքով գողերի» ու իշխանավորների համար գտել է շատ հարմար արդարացում: «ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն ու որոշ պատգամավորներ ինչո՞ւ պիտի հանդիպեն գողականներին» հարցին նա պատասխանել է. «Ես ձեզ կասեմ ավելին՝ հայը հայի հետ է հանդիպել, ի՞նչ կապ ունի գողական է, թե գողական չի: Խի չի լինո՞ւմ, որ պաշտոնյան պաշտոնյա ա, բայց հասարակ մարդկանց, իր ընկերների հետ է հանդիպում: Խի չի՞ կարա հանդիպի»:
Ահա այսպես: Պարզ ու հասարակ: Մեկը մյուսին չի բացառում: Իշխանությունն ու հանցագործությունը՝ մի սեղանի շուրջ, հաշտ ու համերաշխ, որովհետև, ինչպես հասկանում եք, երկուսն էլ հայ են: