Հնարելու կարիք բացարձակապես չկա
2016-11-24 22:59:00

Ներկայացնում ենք «Առավոտ» թերթի խմբագրականից մի հատված.

«Երբ քաղաքական գործիչն ասում է, որ տվյալ պետական գերատեսչությունում կա 100 ավտոմեքենա և ամեն մեկն արժե 200 հազար դոլար, դա պետք է ընկալել ոչ թե ուղիղ, այլ մետաֆորիկ իմաստով: Այսինքն՝ «նախարարությունն ունի բազմաթիվ շքեղ մեքենաներ, որոնց անհրաժեշտությունն իրականում չկա», ինչը շատ հավանական է: Թե իրականում որքան մեքենա կա այս կամ այն նախարարության կամ, ասենք, Կենտրոնական բանկի բալանսում, և ինչին են դրանք ծառայում՝ հայտնի չէ: Այդ տեղեկությունը պետք է դնել տվյալ գերատեսչության պաշտոնական կայքում՝ այդպիսով խոսակցությունն ավելի առարկայական կդառնա:

Ես հասկանում եմ մարդկանց ցանկությունը որևէ՝ ընկերական, ընտանեկան, ֆեյսբուքյան, թե քաղաքական լսարանի առջև որևէ վատ բան ասելու: Որովհետև եթե ես ասեմ՝ «ինչ հրաշալի աշուն է», ապա դա «հետաքրքիր» խոսակցության խթան չի դառնա: Բայց եթե ես ասեմ, օրինակ՝ «Էս Տարոնը…», ապա միանգամից բոլորը կաշխուժանան և կսկսեն ակտիվորեն միջամտել խոսակցությանը՝ «բա այսինչը», «բա այնինչը», «էն օրը ինտերնետում այսինչն եմ կարդացել», «բա իմացար՝ էն օրը բաջանաղս ասում էր…»:

Եվ այս խոսակցության շուրջ մարդիկ հրաշալի ժամանակ կանցկացնեն: Նման գողտրիկ, ջերմ մթնոլորտ ստեղծելու համար պետք է պարզապես որևէ հայտնի դեմքի մասին որևէ վատ բան ասել: Բայց իրականում այնքան բան կա ասելու, որ հնարելու կարիք բացարձակապես չկա »,–գրում է թերթի խմբագիրը։

 

Այս նյութը դիտել են - 783 անգամ