Միհրան Պողոսյանը՝ օֆշորային սկանդալի և վարչապետի հայտարարության մասին 2016-11-26 11:30:00
Օֆշորային սկանդալը ո՞ր փուլում է այս պահին. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, ի պատասխան այս հարցի, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը նշեց, որ ՀԿԾ-ն քննում է այդ հարցը, և այդ մասին հայտարարություն կանի: «Ի՞նչ է նշանակում օֆշորից գումարները հետ բերել: Օֆշոր հասկացությունը բացասական չէ, եթե գումարներն օրինական են: Պետք է նայել՝ գումարներն օրինական են, թե ոչ և ոչ թե գումարների օֆշորում լինել կամ չլինելու հարցը: Եթե կան խախտումներ և այլ ճանապարհներով ձեռք բերված գումարներ, ցանկացած տեղ՝ օֆշորումլինի, թե բանկերում, պետք է անդրադառնալ, և այդ մարդկանց պատասխանատվության ենթարկել»: Տարիներ շարունակ խոսվում էր, որ բանանի մենաշնորհը Ձեզ է պատկանում, օրերս մի ընկերություն փորձել է ներկրել, չեն թողել, նոր ձևավորված կառավարությունը փորձել է խնդրին լուծում տալ. անդրադառնալով այս դիտարկմանը և հարցին, թե արդյոք դաշտն ազատականացել է, Միհրան Պողոսյանը պատասխանեց. «Դուք ճիշտ հասցեատիրոջը չեք ուղղում այդ հարցը: Գոյություն ունի «Քեթրին գրուպ» և ևս 4 կազմակերպություն, եթե չեմ սխալվում, պարզապես հարցն ուղղեք նրանց: Ինչպես դուք, այնպես էլ ես այդ մասին լսել եմ, և ուրախ եմ, որ կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկում»: Մենաշնորհների, օլիգարխների դեմ պայքարում, Միհրան Պողոսյանի կարծիքով, կառավարությունը ձեռնարկել է միջոցներ և հաղաթանակի կհասնի: Տնտեսության մեջ խաղի կանոններ են փոխվում. «Կարծում եմ՝ փորձ է արվում տնտեսությունը ավելի ազատականացնել, և այդ պարագայում վարչապետը, վարչակազմը այսօր անելիքներ ունեն այդ ուղղությամբ»: Հարցին՝ համամի՞տ է արդյոք վարչապետի գնահատականի հետ, թե մեր տնտեսությունը ծայրահեղ ծանր վիճակում է, Մ. Պողոսյանը պատասխանեց. «Ես տնտեսությանն այդքան չեմ տիրապետում, ինչքան վարչապետը, կարծում եմ՝ բոլորիս ցանկությունն է, որ տվյալ կառավարությունը աշխատի ավելի լավ, հույս ունեմ, որ մենք կտեսնենք դա մոտ ապագայում: