Պուտին. Ոչ ոք Թուրքիայի վրա չի հարձակվում...
2016-01-11 23:22:00

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նվաստացուցիչ է համարել Թուրքիայի դիմումը ՆԱՏՕ-ին, որը խնդրել էր պաշտպանել իրեն ռուսական «Սու-24» ռբակոծիչի միջադեպից հետո: Այս մասին Պուտինը հայտարարել է գերմանական Bild-ին տված հարցազրույցում, որը հրապարակել է Կրեմլի կայքը:

«Թուրքիայի ղեկավարությունը իրենց կատարած զինվորական հանցագործության շուրջ մեզ հետ բացատրվելու փոխարեն, նետվեց ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարան՝ պաշտպանություն փնտրելու: Դա շատ տարօրինակ է թվում, եւ, իմ կարծիքով, Թուրքիայի համար նվաստացուցիչ»,- նշել է ՌԴ նախագահը, հաղորդում է Lenta-ն:

Պուտինը նշել է, որ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերություններում խնդիրները կապված չեն ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության հետ։ «Թուրքիայի վրա ոչ ոք չի հարձակվում: Եթե Թուրքիան աշխարհում ինչ-որ տեղ, մոտակա պետություններում ինչ-որ շահեր ունի, դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն պետք է պաշտպանի եւ ապահովի՞ այդ բոլոր շահերը, ինչ է»,- ընդգծել է Պուտինը:

Միաժամանակ ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ «նման միջադեպերը մասշտաբային բախումների չեն հանգեցնի»:

«Ռուսաստանը իր նկատմամն որեւէ սպառնալիքի դեպքում կպաշտպանի իր անվտանգության շահերը բոլոր թույլատրելի եւ իր ձեռքի տակ եղած միջոցներով, եթե նման սպառնալիքներ ի հայտ գան»,-հավելել է նա:

 
Այս նյութը դիտել են - 1494 անգամ