«Բարձունքը մերն է, տղերքը չկան…» տեղի ունեցավ Ատոմի Զոհրաբյանի հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառումը
2016-11-28 05:51:00

«Բարձունքը մերն է, տղերքը չկան…» խորագիրն էր կրում ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանի հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառումը: Նոյեմբերի 25-ին  Վեդի քաղաքում  բացվեց Անդրանիկի հիշատակը հավերժացնող հուշաղբյուր, իսկ թիվ 1 դպրոցի դասասենյակներից մեկը անվանակոչվեց հերոսի անունով: Արարողությանը ներկա էին ՏԻՄ ներկայացուցիչներ, զորամասի զինծառայողներ, ազատամարտիկներ, դպրոցականներ:

Ներկաները բազմիցս նշեցին՝ հուշաղբյուրը անկոտրում կամքի և արիության ոգեղեն խորհուրդ է պարունակում, որ հպարտության և ցավի միախառն զգացմունքներ է առաջացնում:

Զոհված քաջորդու հոր՝ Ատոմ Զոհրաբյանի խոսքը դասարանի անվանակոչության ժամանակ յուրատեսակ պատգամ էր՝ ուղղված երիտասարդներին և պատանիներին՝ «Նվիրվեք մեր պետականության և բանակի մարտունակության ամրապնդման սուրբ գործին, եղեք ազգասեր ու միասնական, տե՛ր եղեք մեր հերոսների արյան գնով ձեռք բերված հաղթանակներին: Կերտե՛ք նորերը»: Հաղորդում է «Հայ Զինվոր» պաշտոնաթերթը:

Այս նյութը դիտել են - 919 անգամ