Արդարադատության նախարարի պատասխանները հակասում էր Սերժ Սարգսյանի ելույթում նշված տեսլականին
2016-11-28 16:55:00
«Նոր Սահմանադրությամբ էապես բարձրանում է կուսակցությունների դերը մեր հասարակական-քաղաքական կյանքում: 
Այսուհետ ինքնաբերաբար անհետանալու են մարդ-կուսակցությունները կամ ակումբ-կուսակցությունները: Քաղաքական կուսակցությունների հիմնական ձևավորող և շարժիչ ուժը պետք է լինեն գաղափարակից համախոհները: Այս նոր պայմաններում քաղաքական դաշտի բյուրեղացումն անխուսափելի է: Դա առաջին հերթին արտահայտվելու է կառավարող և ընդդիմադիր բևեռների ավելի հստակ տարանջատմամբ:
Նաև անխուսափելի է դառնում քաղաքական միավորների խոշորացումը», – ՀՀԿ 16-րդ համագումարին Սերժ Սարգսյանի այս ուղերձից երկու օր հետո Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը խորհրդարանի արտահերթ նիստին ներկայացրեց Կուսակցությունների մասին օրենքը, որը տրամագծորեն հակառակ սկզբունքների վրա է հիմնված:
Այս նոր օրենքով, ըստ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, կդյուրացվի կուսակցություն գրանցելու գործընթացը, կնվազեցվեն պահանջները. 200-ի փոխարեն 100 հիմնադիր անդամ, 2000-ի փոխարեն կուսակցությունը կարող է ունենալ 1000 անդամ․ «Մեղմացո՞ւմ է սա արդյոք: Կարծում եմ, այո: Այն տեսանկյունից, որ կուսակցությանը այլևս որևէ մեկը գրանցումից հետո՝ պոստ ֆակտում չի միջամտելու նրա գործունեությանը», -ընդծել է տիկին նախարարը ու հավելել, որ արդեն գործող 79 կուսակցություններին օրենսդրական փոփոխությունից հետո վերագրանցվելու պահանջ չի ներկայացվի:
Ասել է թե, այս օրենքը ոչ թե նպաստելու է դաշտի բյուրեղացմանն ու խոշորացմանը, այլ ճիշտ հակառակը, օրենքի մեղմացումը նպաստելու է ավելի, որ Հայաստանի մոտ 8 տասնյակի հասնող կուսակցական ներկապնակը համալրվի նորերով ու նպաստի քաղաքական առեւտրի զարգացմանը:
Պատգամավորների մի մասը բարձրացրեց քաղաքական դաշտում զուտ ձևականորեն, թղթի վրա գոյություն ունեցող մարդ-կուսակցությունների հարցը՝ կարծիք հայտնելով, որ օրենքի ազատականացումն է՛լ ավելի կվատթարացնի իրավիճակը:Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ կուսակցություն հիմնելը «քաղաքական բիզնեսի ձև է դարձել՝ ընտրությունից ընտրություն խոշոր կուսակցությունից գումար կորզելու համար»: «Մենք շատ լավ գիտենք, որ էդ կուսակցությունները կազմված են երկու սուբյեկտից անձը և իր կնիքը: Երրորդ սուբյեկտ այդ համադաշնության մեջ գոյություն չունի»:
Խոսրով Հարությունյանը որպես մարդ-կուսակցության կարկառուն ներկայացուցիչ Զոհրաբյանի ելույթից հետո անցավ հակահարձակման: «Մեր իրականության մեջ ազդեցիկ կուսակցություններ կան, տիկի՛ն Զոհրաբյան, որ նույնիսկ մեկ տարի չկարողացան իրենց խմբակցությունը պահել, այնպես որ բարի եղեք, կուսակցության մասին խոսելիս չպայմանավորել միայն ու միայն քանակով»,- ասաց նա շարունակելով.«Ցավոք, այսօր Հայաստանում ազդեցիկ կուսակցություն է համարվում հսկայական քանակով անդամներ ունեցողը, իսկ այդ կուսակցությունը հանրային կյանքի կազմակերպման սեփական դոկտրինն ունի՞։ Սա ավելի կարևոր է, քան այդ 79-ը, թե՞ ինչ: Իսկ քանի՞ կուսակցություն կլիներ մեզ համար հարմար, ո՞վ է որոշում, ո՞րն է չափանիշը, գնահատողը մեկն է՝ ընտրողը»,-նշեց Հարությունյանը:
Արդյո՞ք Հայաստանի քաղաքական համակարգի հիմական խնդիրը այն կուսակցություններն են, որոնք միայն թղթի վրա գոյություն ունեն:
Կուսակցությունները, ինչպես Էդմոն Մարուքյանը նկատեց, զրկված են հավասար պայմաններից, համատարած «հանրապետականացման» գործընթաց է գնում, որը վտանգավոր է․ «Որևէ այլ քաղաքական ուժի ելույթները լուսաբանվո՞ւմ են Հանրային հեռուստաընկերությամբ: Ոչ թե լուրերի թողարկումով, այլ ուղղակի եթեր: Կա՞ նման բան: Չկա՛ նման բան:
Ո՞նց ա լինում, որ երկրում ինչքան մոնոպոլիստ գործարար կա, Հանրապետական կուսակցությանն ա հարում կամ անդամակցում:
Ո՞նց ա լինում, որ հանրային ծառայություններ մատուցող բոլոր ընկերությունների աշխատողներին պարտադրում են, որ ընտրությունների ժամանակ, դրանից առաջ, դրանից հետո ինչ-որ կերպ Հանրապետական կուսակցությանն աջակցեն»:
Պարզվեց դժգոհություններ կան անգամ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի շարքերում:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ կուսակցություններն ունեն որոշակի ֆինանսական ինքնաբավության խնդիր, քանի որ միշտ իշխանության մեջ եղած քաղաքական ուժերը տնօրինում են ավելի շատ միջոցներ, նաև` իրենց գաղափարները տարածելու ու ազդեցություն ունենալու առումով, իսկ այն, ինչ ենթադրում է օրենսդրությունը, չափազանց նվազ գումար է:
Պատգամավորը հետաքրքրվեց, թե ե՞րբ են անդրադառնալու հենց այդ խնդրին, որ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը, և նրանք, որոնք որոշակի տոկոս են ապահովել ընտրություններում, իսկապես կարողանան իրենց հարմարավետ զգալ և նվազագույն պահանջները հոգալ տարածքներում:
Ըստ պատգամավորի` այն, ինչ հիմա ունենք օրենսդրությամբ, չափից դուրս անբավարար է: Մինչդեռ` կուսակցությունների քաղաքական մոդելի կայացումը պետության խնդիրը պետք է լինի:«Քաղաքական համակարգի կայացման համար անհրաժեշտ է, որ հանրության հետ աշխատանք տարվի, համապատասխան ուղղությամբ կուսակցության գաղափարները տարածվեն, մեկ օրում հազարավորները չանդամագրվեն» խայծեց նա ՀՀԿ-ին, որին վերջերս մեկ օրվա մեջ 7000 մարդ է անդամագրվել՝ հետեւելով Կարեն Կարապետյանի օրինակին:
Աղվան Վարդանյանը կայացած երկրների փորձը հիշեց, որոնց օրենսդրությամբ թույլատրվում է կուսակցությունների հիմնադրամներ ունենալ, որոնք չեն ղեկավարվում կուսակցությունների կողմից, բայց այդ հիմնադրամների առաքելությունը աջակողմյան, ձախակողմյան, կենտրոնամետ գաղափարախոսությունը բնակչության շրջանում տարածելն է, և նրանք դարձյալ օգտվում են պետական աջակցությունից:
Ակնհայտ է մի բան, որ արդարադատության նախարարությունը գալոչկայի համար մի նախագիծ էր բերել ԱԺ, որտեղ չէր տրված բազմաթիվ հարցերի պատասխաններ, իսկ որ ամենակարեւորն է, այն հակասում էր Սերժ Սարգսյանի ելույթում նշված տեսլականին:
Անի Սահակյան
hayeli.am
Այս նյութը դիտել են - 1397 անգամ