Հիշողությանս մեջ մի ազնիվ տղա2016-11-28 21:14:00
Ամեն ինչ չէ, որ սահուն է անցնում դպրոցական կյանքում: Երբեմն որևէ մեկի սխալ արարքի վրա կամ դաս չսովորելու համար բարկանում ես ու նեղանում, բայց հոգումդ ծանրացած քարը փորձում ես փշրել` մտածելով, որ դիմացինդ անգիտակցաբար է դա կատարել, կամ գուցե ժամանակ չի ունեցել դաս սովորելու: Եվ մտածում ես, որ նեղանալն էլ քարի նման բան է, երևույթներ կան, որ պետք է երբեմն թեթև տանել, չպետք է թույլ տալ, որ հոգումդ ծանրանան: Ես նրան հիմա չեմ դասավանդում, բայց երբեմն հիշում եմ այդ աշակերտին: Ու կա մի փոքրիկ հիշողություն, որ ինձ տանում է դեպի այդ ազնիվ տղան…
Այդ ուսումնականի` իմ դասավանդելիք նոր դասարանում ուշադրությանս արժանացան մի քանի յոթերորդցիներ, ովքեր արդեն մի քանի անգամ տարբեր պատճառաբանություններով արդարանում էին` դասին անպատրաստ ներկայանալու համար: Համբերությունը հատած ուսուցչուհու կարգավիճակում հայտնվելով` այս անգամ նրանց «անբավարար» գնահատեցի: Իրար հաջորդող երկու դասաժամեր, բայց հոգումս թանձրացած անհանգստություն, մի անսովոր ու սառը անջրպետ կար ստեղծված, որ պետք է ինչ-որ ձևով հաղթահարեի: Դասամիջոցին մնացի դասարանում, կամաց-կամաց ինձ մոտեցան աշակերտները… Չիմացանք ինչպես, բայց ակնթարթի նման անցան այդ րոպեները:
Ես նրանց դեռ չգիտեի, բայց մենք զրուցում էինք... Շատ անկեղծ, սրտամոտ մի զրույց, բոլորիս համար հաճելի, դուրեկան մի միջավայր, որտեղ ժպիտներ կային` անկեղծ ու անչար, իսկ ես բոլորի մեջ փնտրում էի նրանց` այդ օրվա իմ «անմեղ մեղավորներին»:
Ինձանից ոչ հեռու կանգնած աշակերտի գլխիկոր հայացքը նկատեցի, կարծես հաշտության ձեռք մեկնեցի, մատներս ակամայից դիպան նրան, մի պահ զարմացած ինձ հառեց հայացքը, բայց հետո ժպտաց: Դասի զանգը հնչեց, բոլորը զբաղեցրին իրենց տեղերը, իսկ ես իր տեղում նստած այդ աշակերտին ակամայից հարցրի. «Դու ազնի՞վ տղա ես...»:
«Դասարանի աշակերտներից հարցրե՛ք»,-շատ կամաց լսելի եղավ նրա պատասխանը: Հիացմունքս չթաքցրի. «Բայց չէ՞ որ քո ասածից հետո ես այլևս հարցնելու բան չունեմ, ուրեմն դու ազնի՛վ տղա ես», և ի պատասխան իմ խոսքերի` աշակերտները միաձայն հաստատեցին այդ: Ես հավատացի նրան, որ դասին անպատրաստ այլևս չի ներկայանա: Հայացքս ընդգրկեց նաև այն մյուս «անբավարար» գնահատված աշակերտներին, ինձ թվաց` մենք հասկացանք իրար, չէ՞ որ ազնիվ տղաները երբեք չեն ստում: Ու այդպես անցան օրեր, ամիսներ, և, իրոք, համոզվեցի ես, որ ազնիվ տղաները, հավատարիմ են մնում իրենց խոստմանը:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1823 անգամ