Նոր ԸՕ-ով տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն իսկական խառնաշփոթ են ստեղծել Գյումրիում և Վանաձորում։ Երկու քաղաքում էլ ավագանու մանդատների բաշխումն իրականացվել է խախտումներով, ինչի պատճառով էլ ավագանու ընդդիմադիր անդամները չեն ցանկանում մասնակցել նիստերին, իսկ իշխանության թեկնածուներն էլ զիջելու ցանկություն չունեն։ Այս քաղաքների նոր, բայց հանրության և ընդդիմադիր կուսակցությունների կողմից չընդունված ղեկավարների ու Շիրակի մարզպետի հետ զրուցեցինք ստեղծված իրավիճակի շուրջ։
«ՄԱՐԶՊԵՏԸ ՊԵՏՔ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր ԱՆԵՐ»
ՀՈՎՍԵՓ ՍԻՄՈՆՅԱՆ (Շիրակի մարզպետ)
-Որպես մարզպետի, Ձեզ չի՞ անհանգստացնում այն իրավիճակը, որ ընտրություններից հետո ստեղծվել է հանրապետության երկրորդ քաղաքում։
-Որպես մարզպետ բան չեմ կարող ասել, քանի որ այդտեղ կան կուսակցական խնդիրներ։
-Ի վերջո, այդ խնդիրները պե՞տք է լուծվեն, թե՞ ոչ։
-Իրավիճակն իրենք պետք է հանգուցալուծեն։ Կուսակցությունների այն անդամները, որ այսօր ցանկություն չունեն մասնակցելու նիստերին, պետք է ելքեր փնտրեն ու մասնակցեն։ Չմասնակցելը ճիշտ չէ։ Մարդիկ իրենց քվեն տվել են, որ ոչ թե որոշ կուսակցություններ իրենց քաղաքական խնդիրները կարգավորեն, այլ համայնքի հոգսերով զբաղվեն։ Իսկ հիմա ինչ կատարվում է, այդ տրամաբանությունից դուրս է։ Սա արդար չէ ընտրողի հանդեպ։ Մարդիկ նրանց ձայն են տվել, ոչ թե որ չգնան նիստերի, այլ գնան ու բարձրացնեն այն հարցերը, որոնք իրենց հուզում են։
- Ի դեպ, ընտրություններից հետո խոսակցություններ եղան, որ ՀՅԴ-ն մտադիր է Ձեզ «հետ կանչելու»՝ փոխարինելու, քանի որ կուսակցության համար լավ չեք աշխատել։ Կարո՞ղ է մի «դիմում» էլ Դուք գրեք։
-Հիմա ես կանգնած եմ Ձեր դիմաց, ու Դուք ինձնից, որպես մարզպետից, հարցազրույց եք վերցնում։ Ստացվեց, որ այդ խոսակցություններն անտեղի էին։ Կամ ի՞նչ եք մտածում՝ մարզպետը պետք է ընտրություննե՞ր աներ։ Հիմա աշխատում եմ, ամեն ինչ նորմալ է։
«ԵՍ ԱՆՀԱՐՄԱՐ ԵՄ ԶԳՈՒՄ ՆՈՒՅՆԻՍԿ ԱՅԴ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼ»
ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ (Գյումրու քաղաքապետ)
-Գյումրեցիները դժգոհ են, որ Դուք եք կրկին քաղաքապետ։
-Ո՞վ է դժգոհում, Դուք լրատվության ասա՞ծն եք ասում։
-Ոչ, հենց գյումրեցիների։
-Ինչի՞ համար են դժգոհ, որ քաղաքը կառուցվում ու վերականգնվո՞ւմ է։ Ինչի՞ց է դժգոհ, ասեք, որ տեսնեմ՝ ես մեղավո՞ր եմ, թե՞ չէ։ Դժգոհ են այն մարդիկ, որոնք ուզում են գալ իշխանության, քաղաքապետի աթոռը ստանալ։ Հասարակությունը շատ լավ ապրում է, նորմալ հարգանք կա։
-Պարոն Բալասանյան, «զոռով» քաղաքապետ չեն դառնում՝ մրցակիցների մանդատները «յուրացնելով»։
-Դե, հիմա։ Էդ հաշվարկ կատարողը ես չեմ։ Հաշվողը եղել է ԿԸՀ-ն։ Այնպես որ, հաշվողներից էդ բանը ճշտեք։
-Ով ինչպես էլ հաշվի, իրականում գյումրեցիների մեծամասնությունը Ձեզ չի ընտրել։ Եվ պատահական չէ, որ վերջերս Ձեր որոշումները տարօրինակ բնույթ ունեն, վերջինը, եթե չեմ սխալվում, բաղնիքին էր վերաբերում։
-Դեկտեմբերի 12-ին եկեք, տեսեք, թե մեր նիստերը ինչպես են անցնում։ Իսկ բաղնիքի թեման սոցիալական խնդիր է, ու ես անհարմար եմ զգում նույնիսկ այդ մասին խոսել։ Մարդիկ մի երկու օր առաջ ինձ մոտ էին ու խնդրում էին, որ հանկարծ բաղնիքը չփակենք։ Կարծիք են տարածել, թե փակվում է, որպեսզի իրենք բաղնիք բացեն։ ՈՒզում են սոցիալական խմբերին տանել ուրիշ տեղ, որ ձայները հետո վերցնեն։ ՈՒնենք տնակներ, որոնք հարմարություններ չունեն։ Էսօր մարդիկ շատ գոհ լողանում են։
-Ասում են նաև, որ Ձեզ անգամ ՀՀԿ-ն է սկսել չաջակցել։
-Մի այդպիսի հանրապետականի բերեք, որ նման բան է ասում։
-Կարծում եք՝ ուղիղ Ձեր «ճակատի՞ն» պիտի ասեն։
-Ինչի՞ համար պետք է ՀՀԿ-ն դժգոհի, ուզում եմ հասկանալ։
-Ընտրությունների արդյունքնե՞րն էլ Ձեզ ոչինչ չեն հուշում։ Պարզվեց՝ 34 տոկոսն ավելի մեծ թիվ է, քան 44-ը։
-Նախ՝ 35 տոկոս։ Հետո էլ՝ հաշվարկ է եղել, բոնուսի արդյունքում և ԸՕ-ի շրջանակներում ընտրվել եմ։ Այդ հարցն ինձ մի տվեք, այլ օրենք ընդունողին, ես դրա հետ ընդհանրապես կապ չունեմ։
«ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԻՐԱՐԻՑ ԽՌՈՎԵԼ ԵՆ, Ե՞Ս ՊԻՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱՄ»
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ (Վանաձորի քաղաքապետ)
-Վանաձորի ավագանու նիստերը տապալվում են: Մինչև ե՞րբ։
-Այդ հարցով պետք է դիմել մյուս երեք կուսակցությունների ավագանու անդամներին, թե ինչու նիստերին չեն մասնակցում։
-Նրանք իրենց պատճառներն ունեն չգալու, իսկ Դուք ի՞նչ եք անում, որ աշխատանքները կաթվածահար չլինեն։
-Մենք կլուծենք այդ հարցը։
-Ինչպե՞ս։
-Նրանք կգան կառուցողական դաշտ, ու այդ խնդիրը կլուծվի։
-Ընդդիմադիրները ոչ միայն մտադիր չեն կառուցողական դաշտ գալու, այլև Ձեզ առաջարկում են հրաժարական տալ։
-Ինչի՞ պիտի հրաժարական տամ։ Մի ամսում երկու անգամ հաղթած մարդը հրաժարական կտա՞։ Այսինքն, որ ավագանու անդամներն իրարից խռովել են, ե՞ս պիտի հրաժարական տամ։ Ինչի՞ համար։
-Ինչպիսի՞ հանգուցալուծում եք առաջարկում։
-Նրանք, ի վերջո, պիտի հասկանան, որ մարդիկ իրենց ձայն են տվել, որ Վանաձորի համար գործ անեն։ Նրանք իրար մեջ խնդիր ունեն, որի պատճառով տուժում է Վանաձորը։ Տուժում է ոչ թե քաղաքապետը, այլ վանաձորցին։
-Ընդդիմադիրները նաև փորձում են գտնել «դավաճաններին», Դուք գիտե՞ք՝ ովքեր են նրանք։
-Ի՞նչ է նշանակում «դավաճաններ»։ Մարդիկ օրենքի տառին համապատասխան եկել են ու փակ-գաղտնի քվեարկություն արել, որը դեմոկրատիայի ամենաառաջին սկզբունքներից մեկն է, ի՞նչ է նշանակում՝ դավաճան են։ Այդ թիմը, որ մարդկանց դավաճանի պիտակ է տալիս, ինչպե՞ս է պատրաստվում քաղաքում կառավարում իրականացնելու։
Չի կարելի պիտակավորել մարդկանց, այդ մարդիկ վանաձորցիներ են։ Հիմա դուրս գանք փողոց ու սկսենք բոլոր այն մարդկանց, որ խոստացել են այսինչ կուսակցությանը ձայն տալ, բայց այդպես չեն վարվել, դավաճա՞ն համարենք։
Չի կարելի մարդուն ստիպել բացահայտել գաղտնի քվեարկությունը, աշխարհում նման պրակտիկա չկա։ ԱՄՆ-ի ընտրություններում մարդիկ, որ պետք է Քլինթոնին ձայն տային, ընտրել են Թրամփին, ուրեմն դավաճա՞ն են։ Քաղաքական համակարգը պետք է կայանա այնքան, որ ցանկացած կուսակցության մեջ ընդգրկված մարդիկ այդ գաղափարախոսության կրողը լինեն, ոչ թե անհատներ, որոնք ընտրություններին մասնակցում են ավագանու մանդատ ստանալու համար։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Այս նյութը դիտել են - 1402 անգամ