ԲԱՑ ՆԱՄԱԿ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ ՊԱՐՈՆ Ա. ԱՄԻՐՅԱՆԻՆ
2016-11-29 02:05:00

Հարգարժան Պարոն Ամիրյան,

Ինձ բախտ է վիճակվել շատ անգամներ վայելել Ձեր ներկայությունը տարբեր միջոցառումների ժամանակ: Եվ ինչպես շատ-շատերը, ես նույնպես հիացել եմ Ձեր առողջ կառուցողական մտածելակերպով, կնճռոտ խնդիրները լուծելու Ձեր պատրաստակամությամբ:
Մենք նաև զրուցել ենք հեռուստատեսության հակադաստիարակչական հաղորդումների մասին: Լսել եմ Ձեր բացասական կարծիքը այդ ուղղությամբ:
Եվ երբ լսեցի Ձեր նախարար դառնալու լուրը, շատ ուրախացա, և քանի որ հեքիաթներ շատ եմ սիրում և հավատում եմ հեքիաթների ուժին, ինձ թվաց, որ Ձեր առաջին գործը կլինի հեռուստատեսության մաքրությունը: Հետո սկսեցի ինձ տրամադրել, որ Դուք էլ չունեք կախարդական փայտիկ, և դրա համար ժամանակ է պետք:
Հարգարժան Պարոն Ամիրյան, ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ: Օձի թույնը փոքր քանակով բազմաթիվ հիվանդություններ է բուժում, մի փոքր չափն ավելանում է, դառնում է մահացու:

Շատ հաղորդումներ ապականում են մեր երեխաների, թոռնիկների բարի նկարագիրը: Եթե այդ հաղորդումները լինեին գոնե ամիսը մեկ անգամ, մենք նույնպես գուցե կծիծաղեինք, կուրախանաինք, բայց ամեն օրվա դոզան մահացու է, քրիստոնյա հային ոչ հարիր: Թող այդ «երգիծական» հաղորդումները ձայնագրվեն, վաճառվեն, և ցանկացողները գնեն ու ամեն օր վայելեն, բայց թող չպարտադրեն բոլորիս ...
Պարոն Ամիրյան, խնդրում ենք հետևողական եղե՛ք այս հարցում և հավատացե՛ք, եթե Դուք ուրիշ ոչինչ չանեք, միայն այս հարցը լուծեք,Դուք կանցնեք պատմության գիրկը, Ձեզ դարերով կհիշեն հայ երևելիների շարքում:
Խնդրում ենք, խնդրում ենք, խնդրում ենք....... մաքրեք հեռուստատեսությունը ամեն տեսակ աղտ - աղարտից:

Հայկուշ Գևորգյան

Այս նյութը դիտել են - 2104 անգամ