25 տարի շարունակ քաղաքական տունտունիկ են խաղում մեր ժողովրդասեր իշխանությունն և ժողովրդատանջ ընդդիմությունը2016-11-29 13:15:00
Այնպես չէ,որ մեր իշխանությունները չեն ցանկանում,որ ժողովուրդը ապրի բարեկեցիկ,գործազրկությունը վերանա,արտագաղթը դադարեցվի...
Նույնիսկ շատ են ուզում,վերջիվերջո հայ են չէ՞:
Բայց երբ նրանք պատկերացնում են,որ դա պետք է իրականացվի իրենց անջանք ու անխելք հարստացման հաշվին,այսինքն,որ իրենք պետք է զրկվեն անպատիժ գողանալու,թալանելու և անօրինական հարստացման այլ միջոցներից,մի տեսակ թարսվում են ու ամեն ինչ անում,որ դա երբեք տեղի չունենա:
Իշխանությունները նույնիսկ նեղացած են ժողովրդից,որ այդքան պարզ բան նրանք չեն հասկանում ու իրենց չուզող են համարում,այդչափ ջանք ու եռանդ թափելուց հետո:
Այնպես չէ,որ մեր ընդդիմություն կոչվող ուժերը չեն ցանկանում կամ համապատասխան ճառեր չեն ասում,որ ժողովուրդը ապրի բարեկեցիկ,գործազրկությունը վերանա,արտագաղթը դադարեցվի...
Նույնիսկ շատ են ցանկանում,վերջիվերջո ընդդիմություն են չէ՞:
Բայց երբ պատկերացնում են,որ դա պետք է իրականացվի իրենց անպատասխանատու և անհոգ գործունեության հաշվին,այսինքն,որ իրենք հանկարծ կարող են զրկվել ընդդիմության համար նախատեսված արտոնություններից,մի տեսակ շվարում են ու անում ամեն ինչ,որ մեր հասարակական-քաղաքական կյանքում էական փոփոխություններ չլինեն:
ՈՒրիշ բան,որ իշխանությունը կամովին և անջանք փոխանցվի իրենց:Այդ դեպքում նրանք պատրաստ են անել ավելին,քան անում էին նախկինները,իսկ անհավատներին պատրաստ են նույնիսկ երդվել,պապաների արևով,որ իրենք հաստատ ավելի լավն են ,քան նրանք:
ՈՒ այսպես 25 տարի շարունակ քաղաքական տունտունիկ են խաղում մեր ժողովրդասեր իշխանությունը և ժողովրդատանջ ընդդիմությունը:
ԵՎ այդ տունտունիկը շարունակվելու է այնքան ժամանակ,քանի դեռ մենք բավարարվում ենք տիկնիկային ներկայացման հանդիսատեսի կարգավիճակով:
Գագիկ Ղահրամանյան
Այս նյութը դիտել են - 2031 անգամ