«Չկա քաղաքական որոշում՝ պատժել բանակը թալանողներին, կա որոշում՝ շարունակել թալանը». Բադասյան
2016-11-29 19:33:00

13219702_1122231961167036_367642356_n

ԼՂՀ նախկին պատգամավոր, ընդդիմադիր գործիչ Վահան Բադասյանը հայտարարում է, որ առայժմ չկա քաղաքական պատվեր՝ դադարեցնելու բանակից գողությունը եւ բացահայտելու հանցագործությունները, որոնց մասին ինքը հիշատակել է ինչպես մամուլում, այնպես էլ իրավապահ մարմինների մոտ՝ հարցաքննության ժամանակ:

Հիշեցնենք, որ Վահան Բադասյանը հայտարարել էր. «Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության և Պաշտպանության նախարարության միջև կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ»:

Երկու անգամ Վահան Բադասյանին կանչել են հարցաքննության այս հայտարարության առնչությամբ. առաջին անգամ Հայաստանի զինվորական քննչական վարչությունում, որտեղ հարցաքննությունն ավելի քան 5 ժամ է տեւել, երկրորդ անգամ Արցախում: Բադասյանը պնդում է, որ այնքան խոսուն փաստեր է ներկայացրել իրավապահներին բանակում տեղի ունեցող չարաշահումների ու թալանի մասով, որ միանգամայն կարող են հարուցել քրեական գործ:

«Դա կախված է քաղաքական որոշումից, պետք է լինի քաղաքական որոշում, այլ ոչ թե դատախազության կամ քննչականի որոշումն է լինելու: Քանի որ փաստերը կան, ներկայացրել եմ, հանցակազմը կա, առկա է գողությունը, առկա են չարաշահումները, սակայն հանցագործության շրջանակը գնալով մեծանում է»,- հայտարարում է Վահան Բադասյանը:

Ըստ նրա՝ քաղաքական որոշումը Ս. Սարգսյանն է կայացնելու, լինելու է վերջինիս հրահանգով: Դատելով իրադարձությունների զարգացումներից՝ ենթադրում է, որ քաղաքական որոշումն ի շահ բանակի ու ժողովրդի չէ:

Վահան Բադասյան

Վահան Բադասյան

«Ուրեմն այսպես, քննչական մարմինն Արցախի վիճակագրական ծառայությունից պահանջել է պաշտոնական տվյալներ, թե ցորենի շուկայական գինը հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին որքան է, եւ Արցախի վիճակագրական տեսչությունը լկտիաբար ստում է, որ իբրեւ շուկայական գինը եղել է 133-139 դրամի միջակայքում: Այսինքն, նախօրոք իմանալով ինչի համար է ուզում քննչականն այդ տեղեկությունը՝ շուկայականից բարձր գին է սահմանել: Եվ ստացվում է, որ Մ. Հակոբյանը մի բան էլ շուկայականից ցածր գնով է մատակարարել բանակին ցորեն:

Այնինչ բոլորը գիտեն, որ ցորենի շուկայական գինն Արցախում հիմա էլ, առաջ էլ եղել է 80-90 դրամ՝ կախված ցորենի աղտոտվածությունից, վարակից եւ այլն: Այս ամենը ես քննությանը պարզաբանել եմ եւ պահանջել եմ նաեւ իրավապահներից, որ հենց հիմա, քանի դեռ թարմ է, իրենք ուսումնասիրություն կատարեն եւ պարզեն, թե իրականում ինչպիսին են գները, եւ նաեւ պատժեն պաշտոնական օղակներին, որոնք ստում են: Եվ ինչ է ստացվում, իմ այս պահանջից հրաժարվել է քննչական մարմինը: Սա, իհարկե, տարակուսանքի տեղիք է տալիս: Սա արդեն նոր հանցագործություն է: Արդեն հասկանում ենք, թե դեպի ուր են տանում քննությունը»:

ԼՂ նախկին պատգամավորը ենթադրում է՝ Ս. Սարգսյանը հրահանգել է ոչ թե դադարեցնել գողությունը, այլ շարունակել. «Ս. Սարգսյանը կարող է հորդորել շարունակել գողությունը, կարող է հրահանգել եւ դադարեցնել գողությունը: Եթե ինքն արդար լինի այս հարցում, ապա առնվազն պետք է հրահանգի Մովսես Հակոբյանի գործունեությունը կասեցնել որպես ՊԲ գլխավոր շտաբի պետ»:

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է քննությունն ընթանա այնպես, որ վերջում մի բան էլ որոշեն պատասխանատվության ենթարկել իրեն, Վահան Բադասյանը պատասխանեց.

«Չեն կարող ինձ վախեցնել, որովհետեւ ես էլի փաստեր ունեմ, շատ փաստեր ունեմ եւ ամեն անգամ նոր փաստեր եմ ներկայացնում իրենց: Այնքան շատ փաստեր ունեմ, որ այն կհերիքի մինչեւ Ս. Սարգսյանի քաղաքական կյանքի վախճանը, ինչքան ինքը կորոշի քաղաքական կյանքի մեջ մնալ: Հարցը դրանում չէ, հարցն այն է, որ քաղաքական որոշում կա գողություն անելու: Ես գիտեի, որ կար նման որոշում դեռ Լ. Տեր-Պետրոսյանից սկսած, Ռ. Քոչարյանից սկսած: Եվ հիմա էլ կա այդ որոշումը՝ գողանալ եւ թալանել: Իսկ ամենաշատը եւ ամենալավը Ս. Սարգսյանը գիտի, որովհետեւ եղել է պաշտպանության նախարար եւ ինքն է տնօրինել այդ ամենին: Բայց հիմա հարցը մի քիչ այլ է, թե բան փոխվե՞լ է, Ս. Սարգսյանը հասկացե՞լ է, որ հանրությունը տեղյակ է այդ ամենից, հանրությունը հասկացել է, որ մխսվել են գումարներ, եւ այդ ամենի պատճառով տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը:

Թվում է՝ Ս. Սարգսյանը եզրակացություններ է արել. ապրիլյան պատերազմ, Սասնա ծռեր: Այս իրադարձություններից հետո նոր վարչապետ կարգեց, նախարարներ փոխեցին: Ես կոչ արեցի Կարեն Կարապետյանին, որ իրական կոռուպցիան բացահայտի, ոչ թե ծիծաղելի երեւույթների հետեւից ընկնի, թե մայր ու աղջիկ իրար հետ են աշխատում նույն դպրոցում, թե ոչ: Թող այդ ծիծաղելի գործողություններից ետ քաշվի եւ բանակի մասին մտածի հանուն հայրենիքի, հանուն մեր ժողովրդի, հանուն Արցախի ու մեր երեխեքի»,- ասում է Բադասյանը՝ պատրաստակամություն հայտնելով պայքարել մինչեւ վերջ:

«Այո, մինչեւ վերջ ամեն ինչ անելու եմ, որ ինչ-որ բան հասկանան, ինչ-որ բան փոխեն: Պետք է կայացնեն քաղաքական որոշում՝ դադարեցնել գողությունը: Եվ մեզ՝ հանրությանը, կգոհացնի այն, որ բացի դադարեցնելուց նաեւ վերադարձվի գողությունը եւ նաեւ պատժվեն գողացողները: Եթե չլինի այդ քաղաքական որոշումը, եւ եթե արժանի պատիժ չստանան բանակը թալանողները, ապա կասեմ, որ դուք կտեսնեք իմ հետագա քայլերը»:

Ընդդիմադիր գործիչն ասաց նաեւ, որ բանակում կան շատ բարձրաստիճան ծառայողներ, որ իրեն օգնում են եւ տեղեկություններ փոխանցում, եւ լավ կլինի, որ միանգամից ընդունեն քաղաքական որոշում եւ կտրեն գող ձեռքերը բանակից»:

«Գեներալներից կան մարդիկ, ովքեր որ ոչ միայն համաձայն են ինձ հետ, այլ օգնում են ինձ եւ տվյալներ են հաղորդում: Այնպես որ, լավ կլինի միանգամից ոչ միայն կասեցնեն, այլեւ պատժեն մարդկանց, որ ժողովուրդը տեսնի ու հասկանա, որ պատժվում են իրենց երեխաներին ու մեզ թալանողները»,-եզրափակեց Բադասյանը:

 Քրիստինա Մկրտչյան

galatv.am

 

Այս նյութը դիտել են - 1341 անգամ