Էլ ի՞նչը բարեփոխես, եթե ամեն բան այսքան լավ է. Աստծուց կրակ ե՞ք ուզում
2016-11-29 19:50:00
Հարց. Նոեմբերի 26-ին տեղի ունեցավ ՀՀԿ հերթական համագումարը: Մինչև համագումարը կային սպասելիքներ, որ այն լինելու է հեղափոխական, և համագումարի ժամանակ տեղի են ունենալու կուսակցության ղեկավար կազմի արմատական փոփոխություններ, որոնք պետք է ազդակ տայնին հանրությանը, որ կառավարող կուսակցությունը գնում է ներքին ռեֆորմացիյի ճանապարհով:
Բայց համագումարի ժամանակ ոչ մի հեղափոխական որոշում չընդունվեց, ոչ , ոչ մի արմատական կադրային փոփոխություն տեղի չունեցավ, և ՀՀԿ վերանախավը՝Գործադիր Մարմինը գրեթե նույն կազմով վերընտրվեց, չնայած պարզ է, որ կուսակցությունում որոշումները ընդունվում են միանձնյա:
Կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն էլ առանձնապես չէր տարբերվում նախորդ համագումարների ելույթներից, միակ բանը որ հաստակ էր, նա խոստացավ, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո էլ վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Կարեն Կարապետյանը:
Ինչ եք կարծում, արդյոք ՀՀԿ-ն չի հրաժարվելու ընտրակեղծարարության միջոցով ևս մեկ անգամ իշխանությունը պահպանելու իր սովորույթից, իսկ հանրությունը հանդուրժելու է իշխանության հերթական բռնազավթումը:

Պատասխան. Այն ժամանակ չեմ հասկացել, հիմա էլ չեմ հասկանում՝ որտեղի՞ց Հայաստանի Հանրապետական կուսակցությունում ի հայտ եկան հեղափոխական վերափոխումների սպասելիքները, դրա համար ի՞նչ հիմքեր կային և կան։
Կուսակցության անդամների ու նրանց առաջնորդի հայտարարություննե՞րը միայն։ Նման բան սկզբունքորեն չի լինում։ Չի լինում անգամ կայացած դեմոկրատական ավանդույթներ ունեցող երկրներում, ուր մնաց թե այնպիսի երկրում, ինչպիսին ներկայիս Հայաստանն է, որտեղ կառավարող կուսակցության կարգավիճակը նշանակում է ստեղծված համակարգի հետևողական պաշտպանություն. իշխանություն, փող, ռեսուրսներ, լծակներ և, ի վերջո, իմունիտետ՝ խուսափելու համակարգ ստեղծելու քաղաքական և համակարգի տրամադրած հնարավորությունների չարաշահման քրեական պատասխանատվությունից։
Այնպես որ, կառավարող կուսակցությունում էական, առավել ևս՝ հեղափոխական վերափոխումների մասին հայտարարություններն ավելին չեն, քան իմաստային որևէ բեռնվածություն չպարունակող ամբոխահաճո շաղակրատանք։ Կուսակցությունները ստեղծվում և գործում են քաղաքական կուսակցությունների մասին օրենքի շրջանակներում, որի պահանջներն արմատական փոփոխությունների չեն ենթարկվել, ինչն էլ, ըստ էության, ցույց է տալիս պրակտիկան։
Հիմա թող որևէ մեկը բացատրի, թե ինչ է նշանակում հեղափոխական վերափոխությունների ենթարկել կուսակցությունը կուսակցությունների մասին միևնույն օրենքի գործողության պայմաններում։
Եթե նկատի ունեն երկու հնարավոր ասպեկտները՝ կուսակցության ծրագրում էական սրբագրումները և կազմակերպության ղեկավար կազմի թարմացումը, ապա ոչ մեկը, ոչ մյուսը չեն նկատվում։ Կուսակցության ղեկավար մարմնի 10%-անոց նորացումն անգամ բնական փոխատեղություն չես անվանի, ի՞նչ հեղափոխության մասին է խոսքը։
Ընդհանրապես, «հեղափոխություն» եզրի հետ արժեր ավելի զգույշ լինել, չէ՞ որ այն միանգամայն որոշակի նշանակություն ունի՝ սեփականության ձևի փոփոխություն և դրա վերաբաշխում։ Ինչ-որ մեկը լրջորեն մտածում է, թե կառավարող էլիտաները (իմա՝ կառավարող կուսակցությունը) պատրաստվում է ինչ-որ բան վերաբաշխել ի վնաս իրե՞ն։Եթե ավելի լայն դիտարկելու լինենք, բայց՝ ըստ էության, նկատի ունեմ կուսակցական աշխատանքը և իշխանությունների աշխատանքը, ինչը սույն համատեքստում նույն բանն է, նորից ինչ-որ էական փոփոխությունների մասին խոսք չկա։
Կուսակցության առաջնորդի՝ նախագահ Սարգսյանի ամբողջ ելույթը համակված է երկրի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում բազմաթիվ հաջողությունների ինքնագոհ շարադրանքով։ Կառավարման տարիներին մակրոտնտեսական հիմնական ցուցանիշներով Հայաստանը, պարզվում է, մոլորակի առջևում է։
Այստեղ և՛ ամենացածր ինֆլյացիան է, և՛ վերաֆինանսավորման ամենացածր տոկոսադրույքներից մեկը, աշխատավարձերն ավելանում են, գները՝ իջնում, բազմամիլիոնանոց սփյուռքը հերթի է կանգնել, որ փող ներդնի Հայաստանում, փոքր ու միջին բիզնեսը ծաղկում է, մոնոպոլիաների և կոռուպցիայի լիակատար բացակայությունը, ամենագրավիչ մրցակցային միջավայրը և անկախ դատական համակարգը հանրապետության բարին չկամեցողների չար նախանձն են առաջացնում։ Իսկ ընտրությունից ընտրություն ավելի ազնիվ, թափանցիկ ու արդար ընտրությունների համար կարելի է և Նոբելյան մրցանակի արժանանալ։
Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ դրանք այդպիսին կլինեն նաև գալիք տարվա ապրիլին։
Պատրանքնե՛ր։ Ես այնքան էլ չեմ հասկանում, թե ինչու են հանրապետականներն ու նրանց առաջնորդը վերջին ժամանակներս անընդհատ խոսում վերափոխման, փոփոխությունների և էլի նման բաների մասին, եթե երկրի նախագահի ելույթում միայն հաջողություններ ու ձեռքբերումներ են։
Ոչ մի բացթողում, ոչ մի քննադատությունը, զրո սխալ։
Էլ ի՞նչ բարեփոխես, եթե ամեն բան այսքան լավ է։ Ինչպես ասում են, Աստծուց կրակ ե՞ք ուզում։Իհարկե, զեկուցողի ներկայացրած թվերում և հիմնավորումներում, մեղմ ասած, կասկածելի շատ բան կա։ Շատ փաստարկներ և մտահանգումներ հեռու են սովորական տրամաբանությունից։
Ասենք, բնակչության եկամուտների վայրի աճի, տարեկան 5-7%-անոց ինֆլյացիայի պայմաններում արժե՞ արդյոք որպես դրական ցուցանիշ ընկալել (ինչում փորձում են համոզել հասարակությանը) այն հանգամանքը, որ ապրանքների գները չեն բարձրանում։
Նշված պարամետրերի պարագայում գները կարող են նույն մակարդակին պահպանվել երկու պատճառով. կամ կառավարությունն է վարչական լծակներով ամրագրում առաջին անհրաժեշտության ապրանքների գների վերին շեմը, կամ դրանք կարգավորում է շուկան։ Կարծես գնային վարչարարություն չի նկատվել, հետևաբար՝ գործ ունենք պահանջարկի և առաջարկի կարգավորող մեխանիզմի հետ։
Բայց, համարձակվում եմ ենթադրել, իր տեղական առանձնահատկությամբ. գնողունակության անկումը ստիպում է բիզնեսին հաճախ աշխատել զրոյական մարժայով։
Սա է այբուբենը. եթե գոնե ինֆլյացիային համաչափ գները չեն աճում, ուրեմն, խնդիրը գնողունակությունն է։ Ինչ էլ որ ասելու լինեն բարձր ամբիոններից։
Որպես վերջաբան. եթե որևէ մեկը տենչում է Հանրապետական կուսակցության վերափոխությունը և, իբր, դրա հետ կյանքի որակի բարելավման հույսեր է կապում, նրան պարզապես բավարարում է ներկա իրադրությունը։
Խնդրի արմատը անվերափոխելիի վերափոխումը չէ։ Հասարակությունը պարտավոր է ավելի ակտիվորեն պատրաստվի գալիք ընտրություններին։ Հենց «պարտավոր է», որովհետև ոչ ոք նրա փոխարեն և առանց նրա պահանջի ու աջակցության ոչինչ չի կարող փոխել։ Քաղաքական դաշտի բացակայության պայմաններում հարկ է առավել խնամքով վերաբերվել առողջ քաղաքական ծիլերին։Հանրապետականների հոխորտանքը բնավ նրանց ամենազորության նշանը չէ։
 Աշոտ Անտինյան 
politinfo.org
Այս նյութը դիտել են - 1653 անգամ