ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը օրերս գործադիրի հերթական նիստում հայտարարեց ՀՀԿ-ական դառնալու մտադրության մասին:Կարապետյանը նշեց, որ անդամակցության դիմում է ներկայացրել կուսակցությանը: Եվ նշեց այն պատճառները, թե ինչու է նման որոշում կայացրել.«Կարծում եմ` այս որոշումը շատերի համար կանխատեսելի ու տրամաբանական էր, բայց ես ցանկանում եմ մեկնաբանել, թե ինչու:
Նախ, վարչապետի պաշտոնին ինձ հրավիրել է ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրորդ` յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան, և մեր կառավարությունը եղել է առաջին հերթին ՀՀԿ կառավարությունը: Եվ եթե նույնիսկ հաշվի չառնենք առաջին երկու կետերը, ոմանց մոտ կարող է լինել տեսական հարցադրում` ինչո՞ւ չենք հիմնադրում մեկ այլ կուսակցություն, որը կլիներ մեզ համար քաղաքական հենարան:
Դա արդարացված չէր լինի` ունենալով Արցախի հիմնահարց և երկրի անվտանգությանն ուղղված սպառնալիքներ, մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր անկայուն գործընթացներից ու զարգացումներից»,- ասել էր վարչապետը:
Փաստորեն Կարեն Կարապետյանը իր խոսքով ասաց, որ լավություն է անում Հայաստանին, իսկ ավելի կոնկրետ գործող իշխանություններին և Սերժ Սարգսյանին: Նա հայտարարում է, որ կարող էր հիմնել իր կուսակցությունը, սակայն անկայունությունից խուսափելու համար չի գնում այդ քայլին և անդամագրվում է ՀՀԿ-ին:
Իհարկե շատերը այստեղ արտառոց բան չեն տեսնի, սակայն պետք է նկատենք, որ ոչ մի պաշտոնյա ՀՀԿ անդամագրվելուց առաջ չի հայտարարել, որ ինքը ուներ այլընտրանք:
Ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանի դիրքերը գնալով ուժեղանում են: ՀՀԿ-անադամագրվելուց հետո նա փորձելու է կուսակցության ներսում ձևավորել իր շրջանակը և եթե հաջողվի վարչապետին ստեղծել կուռ և ազդեցիկ շրջանակ, ապա կարող է ներկուսակցական հեղաշրջում իրականացվել, որին կհետևի նաև ներիշխանականը:
Իհարկե Սերժ Սարգսյանն անելու է ամեն ինչ, որպեսզի Կարեն Կարապետյանը չկարողանա ամրանալ իր ղեկավարած կուսակցությունում, սակայն այս պահին դժվար է ասել, թե ինչ անակնկալ է պատրաստել Սերժ Սարգսյանի համար Ռուսաստանը, որի ներկայացուցիչն է համարվում Կարեն Կարապետյանը:
Վստահաբար կարելի է ասել, որ Ռուսաստանը նվազագույն ջանքերի դեպքում անգամ կարող է ՀՀԿ իշխող վերնախավի մեծամասնությանը թեքել Կարեն Կարապետյանի կողմ: Այս պահին նման պրոցես չի գնում, քանի որ Սերժ Սարգսյանը հլու հնազանդ անում է բոլոր այն հրահանգները, որոնք գալիս են Մոսկվայից:
Սերժ Սարգսյանին ԱԺ ընտրություններից առաջ մնում է մեկ հնարավորություն՝ նա պետք է անի այնպես, որպեսզի ՀՀԿ-ն մեծամասնություն չկազմի և հնարավորություն չունենա միայնակ կառավարություն կազմել: Նա ամեն բան պետք է անի, որպեզի լինի նաև իր ենթակայության տակ գտնվող երկրորդ բեվեռ, որը ամեն պահի կարող է խնդիրներ ստեղծել Կարեն Կարապետյանի համար:
Այս նյութը դիտել են - 1572 անգամ