Պատկերացնում եմ, որ դարձել եմ համացանցի աստղ2016-11-30 10:00:00
Նա մեր դպրոցի 7-րդ ա դասարանի աշակերտուհիներից է, շատ համեստ, կարգապահ մի փոքրիկ հրաշք, որ օժտված է երգելու առանձնահատուկ շնորհքով: Ազնվության ու բարության հետ զուգահեռվում են այս աղջնակի լավագույն երազանքները, որ միահյուսվում են նրա երգելու մեծագույն ցանկության հետ, և գուցե հետագայում հայտնի՞ կդառնա ու այսպես սիրունական իր հմայքով կազդարարի իր մասին` ամենուր փռելով արցախաբույր իր ձայնը:
Չնայած ապրիլյան պատերազմական օրերի հետ կապված իր հիշողություններով նա մեկ անգամ արդեն երևացել էր հայկական «USArmenianews.com» լրատվական կայքում, ես նրան հարցնում եմ, թե ինչպիսի զգացողություն կունենա, երբ հաճախակի երևա կայքում: Պատասխանը երկար չի սպասվում. «Դա տարօրինակ զգացում է, չգիտեմ անգամ` ինչպես բացատրեմ: Շատ հաճելի կլինի, մի պահ կպատկերացնեմ, որ ես դարձել եմ համացանցի աստղ, ինձ արդեն տեսնում են տարբեր երկրներում…Դա նշանակում է, որ ես ապրում եմ, շնչում, գոյատևում: Ուրախալի է, որ մարդիկ քո մասին կարծիք են կազմում, նույնիսկ մտածում ես` արդյո՞ք դրական կլինի այդ կարծիքը»:
Նա վտիտ է, իր համադասարանցիների կողքին շատ փոքրիկ, բայց սիրում է նստել վերջում…Իմ հորդորները, որ նա պիտի առջևում լինի, բարեհամբույր ժպիտով մերժվում են միշտ: Այսպես է նա` լռին ու համեստ, ազնիվ ու անաղարտ մի անկեղծ հոգի, որ երբեմն առիքից առիթ իր հմայիչ երգերով հմայում է մեզ:
Եվ ինձ զարմացնում է մի քանի տողի մեջ իր մասին գրած ինքնաբնութագիրը. «Ես չգիտեմ ինչպիսի աշակերտուհի եմ: Գուցե համեստ եմ, բայց նաև քմահաճ եմ: Երբ ուզում եմ` դասերս սովորում եմ, երբ չեմ ուզում` չեմ սովորում: Բայց որ ցանկանամ, շատ լավ էլ կսովորեմ, ուղղակի ծույլ եմ: Ուզում եմ ուղղվեմ, չի ստացվում, ի՞նչ անեմ, բնավորությունս այդպիսին է»:
Եվ այս սիրունատես վտիտ աղջնակին ես նորից տեսնում եմ իր անցած օրերում, երբ անսահման մեծ սարսափ կար հոգում, և օրեր անց, որպես ականատես, նա պիտի գրեր մի փոքրիկ պատմություն. «Այդ օրը մեզ կորցրած՝ դուրս եկանք տնից, առաջին արկն ընկավ մոտակա խանութի առջև, հետո չեմ հիշում...
Փողոցով անցնող մեքենաներից մեկը կանգնեց մեր կողքին. դա հիվանդանոցի շտապ օգնության մեքենան էր: Մայրս ինձ ու քրոջս տարավ հիվանդանոցի նկուղը: Ամբողջ մարմինս, առավելապես ոտքերս դեռ դողում էին...»:
Նայում եմ այս փոքրիկ գեղեցկուհու նկարին, որ իր երազանքների հրապույրն է փռել, ինձ հասանելի են դառնում այն հայտնի երգի տողերը, որ մեղմիվ ու ռիթմիկ էլևէջներով արձագանքում են բոլորիս երազանքներին. «Ահ ու սարսափ տեսանք, Վշտի մեծ ճամփա անցանք, Դավն ու կորուստը մենք Մեծ պատվով անցանք: Ու հիմա գիտենք, Այն ինչ ուզում ենք մենք` Խինդն է մանկան անմեղ, Խաղաղ երկինքն է:
Մենք Արցախն ենք, Մենք մեծ Սփյուռքն ենք, Մենք միասին կոչվում ենք Հայաստան…»:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1979 անգամ