Ամիրյանի թռիչքները բիզնեսում. Պատկերասրահի վերջին հարկում ռեստորան-կաֆե է ուզում բացել
2016-11-30 15:38:00
Ծառուկ Սարգսյան

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը երջանիկ է։ Եվ դրա համար կան բոլոր հիմքերը։ Նա արդեն նախարար է, կամոք նախախնամության։ Իսկ նախախնամությունը մեր իրականության մեջ նրան անթիվ թևեր տվեց և նա ճախրեց ու հասավ Ազգային պատկերասրահի տանիք։ Նախախնամությունը հայ անկախ եզերքներում, առհասարակ, աննախադեպ քմայքներով է հրապարակ իջնում, հատկապես մշակույթի ասպարեզում։ Հասմիկ Պողոսյանից ազատագրվելով հայ ժամանակակից մշակույթը, թվում էր, թե վերջապես ուշքի կգա։ Բայց Ամիրյանը շատ արագ և բավականին նրբագեղորեն գլխի գցեց երկրի մշակույթով մտահոգ հանրությանը, որ նրան (և ազգային մշակույթին) նորաբնույթ փորձություններ են սպասում։ Հարցազրույցներից մեկում նա մի պարբերությամբ բացում է իր բոլոր խաղաքարտերը. «Ուժերս հազարապատկվել են, բոլոր խնդիրների լուծումները տեսնում եմ շատ մոտ ապագայում, շատ հեշտ կարողանում եմ գտնել բոլոր խնդիրների լուծումներն ու ձևակերպումները։
Տարօրինակ զգացողություն է։ Կարծում եմ` սա ևս Աստվածային շնորհ է, Աստվածային առաջնորդություն»։ Եթե որևէ մեկը նման հայտարարությամբ հանդես գա, նախ նրա զարկերակը կստուգեն, ճակատին թրջոց կդնեն, և եթե այս սուբյեկտը շարունակի նման տոնայնությամբ բառեր արտավիժել, շրջապատին մի բան կմնա. ահազանգել հոգեբուժարան, քանի որ նման ոգեշունչ անհեթեթություն դուրս տվողը իսկույն կտապալի վստահված գործը։ Ասենք, եթե նա արևածաղիկ է վաճառում, ապա արևածաղկի կեսը կնվիրի պատահական մարդկանց, մյուս կեսը ինքը կչրթի։
«Մշակույթը բիզնես է» հայտարարեց պարոն Ամիրյանը և սլացավ դեպի Հայաստանի ազգային պատկերասրահ։ Պատկերասրահում նա տնօրեն Արման Ծատուրյանին ուսուցանում է իր հայտարարություն-կարգախոսի խորհուրդը` խորհուրդ տալով պատկերասրահի վերջին հարկում ռեստորան-կաֆե բացել։ Եվ երբ տնօրենը փորձում է գլուխն ազատել` առարկելով, որ երեկոյան ժամերին պատկերասրահի դռները փակվում են, Ամիրյանն աներեր մատնանշել է ելքը. «Ոչինչ, դրսից լիֆտ կդնենք, ռեստորան-կաֆեի այցելուներն այդպես տեղ կհասնեն»։
Նախարար Ամիրյանը, ըստ ունեցած տվյալների, յոթ-ութ խորհրդական է ընդունել աշխատանքի։ Նրանցից երեքը դեռատի աղջիկներ են և, նախարարի հրահանգով, պարբերաբար այցելում են (ավելի ճիշտ` ներխուժում են) տարբեր պետական և ոչ պետական կազմակերպություններ և ներկայացնում են Հայաստանի մշակույթը բիզնես ոլորտ մխրճելու զարմանահրաշ առաջարկներ...
Շատերը նման ներխուժումներից հետո ընկնում են խոր մտատանջանքների մեջ, փորձելով կռահել, թե ինչ է գալու իրենց գլխին, երբ Ամիրյանն ավելի ամուր կնստի նախարարական աթոռին, այսինքն` որոշակի փորձ ձեռք կբերի։
Առայժմ հայտնի է, որ նորաթուխ այս գլամուրային գործիչը կամենում է վերացնել Հայաստանի գրապալատը, «Գիրք» ՊՈԱԿ-ը, Երաժշտագիտական գրադարանը և Ցուցահանդեսային կենտրոնը։
Ըստ մամուլում շրջանառվող մի տեղեկության, նախարար նշանակվելուց մի քանի օր անց նա ընդունում է Համաշխարհային բանկի բարձրաստիճան ներկայացուցիչների, որոնք զբաղվում են ՀՀ հուշարձանների վերականգնման չափազանց կարևոր խնդիրներով, և երբ վերջիններս փորձել են խոսք բացել «Զորաց քարեր» հռչակավոր դամբարանի մասին, նախարար Ամիրյանը զարմացած հարցրել է, թե ինչ է դա։
Բայց պարոն Ամիրյանը որոշ հարցերում բավականին նրբագիտակ է։ Ես (իհարկե, ոչ միայն ես) լավ եմ հիշում, թե անկախացած երկրի հեռուստաեթերում ինչպես էր գրավիչ արտաքինով և կիրթ հայերենով մեկը գովազդում հիգիենիկ փաթեթը, այս պիտույքի բոլոր գրավիչ մանրամասները ներկայացնելով հեռուստաէկրանի առջև նստած և հավանաբար ամոթից շիկնող հայ կանանց և աղջիկներին։ Արմեն Ամիրյանն էր։
shame.am
Այս նյութը դիտել են - 1991 անգամ