Նախարարը չի կարող միջամտել դատավորների գործունեությանը. Արփինե Հովհաննիսյանը՝ Սարի թաղի գործով կալանավորվածների հարազատներին2016-11-30 14:58:00
Tert.am-ը գրում է.
Այսօր Սարի թաղի հուլիսի 19-ի միջադեպի գործով մի շարք կալանավորվածների հարազատները մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էին, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կողմնակալ վերաբերմունք է դրսևորում գործով մեղադրյալների նկատմամբ և միտումնավոր անընդհատ հետաձգում է դատական նիստերը, անհիմն մերժում է միջնորդությունները։
Գործով կալանավորված Հարություն Թորոսյանի եղբայրը՝ Թորոս Թորոսյանը հայտարարել էր, որ արդարադատության նախարարը պետք է միջամտի։
Tert.am-ը խնդրի վերաբերյալ զրուցեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ։ Նախարարը նշեց, որ հարցի հասցեատերն ինքը չէ։
«Կուզենայի, որ մեր քաղաքացիները՝ մասնավորապես կալանավորվածների հարազատներն ու նրանց խորհուրդ տվողները, ծանոթ լինեին ՀՀ օրենքներին և տեղյակ լինեն, որ արդարադատության նախարարը չի կարող միջամտել դատավորների գործունեությանը»,- ընդգծեց նախարարը:
Արփինե Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ դատավորն արդարադատություն իրականացնելիս անկախ է, և դատավորի գործունեությանը չնախատեսված միջամտությունն արգելվում է, ավելին՝ այն նույնիսկ քրեորեն հետապնդելի է:
«Կարծում եմ՝ ճիշտ հասցեատիրոջը դիմելը խնդրի լուծման ամենաուղիղ ճանապարհն է»,-եզրափակեց նախարարը:
Այս նյութը դիտել են - 797 անգամ