ՀԻՇՈՂՈւԹՅՈւՆ /Նվիրում եմ ՀԱՑ ԲԵՐՈՂ Արթուր Սարգսյանին/
2016-11-30 16:32:00
Այսօր հացի փռից տաք-տաք հաց առնելու հերթի էի կանգնել, ու մինչ հերթը ինձ կհասներ, մանկության տարիներիս հիշողության մի պատառիկ ինձ այցի եկավ:
Փոքր երեխաներ էինք: Գյուղում հավաքվել էինք տատիս բոլորը:
Խմորը եկել էր` տատիս ձեռքին էր սպասում, թոնիրը շիկացել` տատիս խմորին էր սպասում, տատս խմորը գնդել-բացել, թոնրին էր հանձնել, թխվելուն էր սպասում: Աչքներս հառած սեղանի պանրին` թարմ թխված հացի դուրս գալուն էինք սպասում:
Տատս չէր սիրում, որ հացը դանակով էին կտրում` «Հացը մորթիլ չեն, բալա ջան: Հացը մորթիլը մեղք ա: Բա ձեռքներդ Աստված խի՞ ա տվել»:
Առաջին հացը հանեց, ձեռքով մեջտեղից կիսեց:Հացի անզուգական բույրը գոլորշու հետ տարածվեց օդում:
-Չալո՜, արի, Չալո՛ ջան...
Տատիս տունն ու անասունը հսկող չալոն ռունգները ուռացրեց ու պոչը շարժելով առաջ եկավ: Տատս կիսած հացի կեսը Չալոյի առաջ գցեց.
-Կեր, Չալո ջան,կեր, որ «ղսմաթը» չպակասի տանիցս...ջո՜ւ,ջո՜ւ ջո՛ւ...,-կանչեց տատս:
Հավերը հավաքվեցին չորս բոլորը: Տատս մանր կտորների բաժանեց հացի մյուս կեսն ու լցրեց հավերի առաջ:
Տատիցս խռոված, պռոշներս ուռացրած կանգնել էինք մի գծի վրա...
-Բալեք ջան,նեղանաք ոչ, իմ տատն էլ ա ըսենց արել, մերըս էլ...ես էլ եմ պարտավոր...Առաջին հացը հայաթի կենդանուն տես տալ,որ տանդ «ղսմաթը» չկտրի...Ըհը՛,էս մինն էլ հանեցի, էն մինն էլա թխված...
Տատս իրար ետևից հանում էր թխված հացերն ու դնում սեղանին:
-Դե կերեք, բալեք ջան, քանի տաք ա, հացի մեջի հրեշտակն էլ չի փախել, կերեք...
-Հացի միջի հրեշտակը ո՞րն ա, տատ,-հարցնում եմ:
-Ա՜յ, էդ որ գոլորշի ա դուրս գալիս, հացը օրհնելու հմար հացի մեջ մտած հրեշտակի տաք շունչն ա, բալեքս...Կերեք, կերեք:
Տաք հացի հետ պանիրը «դուռում» անելու, ուտելու գայթակղությունը անդիմադրելի է, ու մոռանում ենք ուրիշ հարցեր տալ:
Տարիներ հետո հասկացա անգրագետ տատիս իմաստնությունը:
Ուշ էր, բայց ոչ ուշացած:
Հիմա, երբ այցի եմ գնում տատիս շիրմաթմբին, խոնարհվում եմ ու արտասվում եմ լուռ...
Ախր ի՞նչ իմանայի, որ տատիս խոսքերը մեծ խորհուրդ ունեն ու կյանքի չգրված իմաստուն դասեր են:
Ֆիալկա Հախինյան
Այս նյութը դիտել են - 1873 անգամ