Աբրահամյանի բանակին կատարած խոշոր նվիրատվության փողերի երեսը ոչ ոք չտեսավ
2016-12-01 14:26:00

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի տված ու չկատարած խոստումների թիվը արդեն հաշվել հնարավոր չէ: Դրանցից ամենատպավորիչը ապրիլյան պատերազմից հետո էր, երբ Աբրահամյանը հայտարարեց բանակին կատարած խոշոր նվիրատվության մասին, բայց այդ փողերի երեսը ոչ ոք չտեսավ:

Այդ իսկ պատճառով էլ երբ ԼՂՀ Շահումյանի շրջանի Արհմիութենական կազմակերպությունների միության նախագահ Դավիթ Առուստամյանը բաց նամակ է տարածում ու պատմում Աբրահամյանից իր հուսախաբության մասին, դրա մեջ արդեն տարօրինակ ոչինչ չկա:

Առուստամյանը դեռ մեկ տարի առաջ գնացել-հասել էր Մոսկվա, որ դիմեր Ռուսաստանի հայերի միության նախագահին՝ խնդրելով լուծում տալ Քարվաճառի տրանսպորտի խնդրին: «Աբրահամյանն ինձ ծանոթացրեց իր տնտեսական հարցերով տեղակալի հետ և խոստացավ, որ ԼՂՀ Շահումյանի շրջանին կհատկացնի մեկ ավտոբուս: Սակայն հետագայում որևէ արձագանգ ՌՀՄ-ից այդպես էլ չեղավ»,- դառնացած պատմում է նամակագիրը:

Առուստամյանը թերևս մխիթարվի այն փաստով, որ ինքը միակ խաբվածն ու հիասթափվածը չէ: Նրանից առավել մեծ դառնություն այս օրերին ապրում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Ինչպիսի հույսերով էր տոգորված Սարգսյանը, երբ Արա Աբրահամյանը նրան խոստացել էր, թե միասին՝ ուս-ուսի տված գնալու են առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Բայց երբ վերջին պահին նա հայտարարեց, որ հեռանում է քաղաքական պայքարից, հուսահատված Արամ Սարգսյանին այլ բան չէր մնում, քան այսօր հայտարարել, որ իր դիմումի համաձայն վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահի լիազորությունները: Մնալուց շահ չկա: Իսկ եթե շահ չկա, Աբրահամյանն ո՞ւմ է պետք:

shame.am

Այս նյութը դիտել են - 991 անգամ