Զգուշացեք, թե ում հետ եք գնում «ֆրոնտ»
2016-12-02 11:20:00
Ալիսա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

2017 թվականի խորհրդարանական ընտրություններին քաղաքական ուժերն ամենայն հավանականությամբ կգնան դաշինքներով: Այս պահին արդեն իսկ նկատվում է առաջին կոալիցիան: Մասնավորապես երեք քաղաքական ուժեր՝ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները տարածել էին համատեղ հայտարարություն, որտեղ նշվում էր, որ ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ:
Քաղաքական տարբեր գործընթացների ժամանակ, երբ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում էր այս կամ այն կառույցի հետ համատեղ ուժերով հանդես գալու մասին, Նիկոլ Փաշինյանն իր սուրբ պատքն էր համարում մարդկանց մեղադրել անսկզբունքայնության և իշխանության տակ գտնվող ընդդիմադիրների հետ «խաղեր տալու» մեջ:
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձևավորումից հետո, Նիկոլ Փաշինյանը շարունակում էր այս գործելաոճը: Անհայտ էր մնում, թե այս վարքագծով, քաղաքական դաշտի բոլոր հնարավոր խաղացողներին մեղադրելով ու իրեն դաշտից արհեստականորեն մեկուսացնելով Փաշինյանը ուր է գնալու իր փոքրաթիվ խմբակի հետ միասին: Հիմնական հարցը որ առաջ էր գալիս՝ կկարողանա՞ արդյոք Փաշինյանը ձևավորել այնպիսի հանրային վստահություն, որը թույլ կտա միայնակ առճակատման գնալ իշխանության հետ:
ՏԻՄ ընտրությունները եկան ապացուցելու, որ Փաշինյանի քաղաքական արսենալը ոչ միայն չի բավարարում տեղամասային պայքարում հաջողություններ գրանցելու համար, այլ նաև ոչինչ չի խոստանում 2017-ի համար: Հետագա պասիվությունն էլ վկայում էր այն մասին, որ կա նաև ներքին հիասթափություն և այս ամենից հստակ մի բան էր երևում՝ ՔՊ-ն փոխելու է գծերը:
Այսօրվա պես հիշում եմ Փաշինյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթը, որի ժամանակ վերջինս փողոցային բառապաշարով մեղադրում էր ամբողջ ընդդիմադիր դաշտին իշխանությունների հետ գործարքներ անելու մեջ, նշելով, թե Շմայսն ու Լֆիկը ձեզ գործընկեր և որ խորհրդարանում չկա մի ուժ որի հետ նա կհամագործակցի: Այն, որ Փաշինյանը դավաճանում է ինքն իրեն ու համագործակցության է գնում, փաստորեն, իշխանության տակ գտնվող կառույցների հետ, դա թող ՔՊ անդամները մտածեն, բայց չէի կարող մի կարևոր խորհուրդ չտալ Էդմոնին և Արամ Սարգսյանին:
Հարգարժան քաղաքական գործիչներ, զգուշացեք, թե ում հետ եք գնում դաշինքի: Նիկոլը մի բնավորություն ունի՝ սկզբում հոդվածներ տպելով, կուրծք ծեծելով խնդրում է անցողիկ համարներ, հետո պտտվում ու հարվածում իր քաղաքական հենարանին: Այն ժամանակ էլ Լևոն Տեր-Պետրոսյանին խնդրեց անցողիկ տեղ հատկացնել... Նիկոլը հազար գույն փոխելու մեծ վարպետ է:

Այս նյութը դիտել են - 1522 անգամ