Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Արգենտինայում Հայաստանի դեսպան Ալեքսան Հարությունյանին համատեղության կարգով Չիլիում դեսպան նշանակելու մասին:
Օվկիանոսից այն կողմ ապրող Ալիկը կարող էր իրեն երջանիկ զգալ: Բայց Հայաստանից թռած-գնացած մի լուր ամբողջովին պղտորեց նրա ուրախությունը:
Հենց այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է արհեստավարժ մարզամրցումների մասնակիցների ու կազմակերպիչների կողմից կաշառք ստանալու դեպք: Ֆուտբոլային «Ուլիս Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը և մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով, կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ և ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ: Հիշյալ անձինք ձերբակալված են:
Ալիկ Հարությունյանը լուրջ պատճառներ ունի ոչ միայն տխրելու, այլև մտահոգվելու: Գաղտնիք չէ, որ «Ուլիս» ակումբը նրա հոգեզավակն է: Իսկ ակումբի ներսում կատարվող հանցավոր գործարքների մասին շշուկները հազիվ թե նրա ականջին հասած չլինեին: Ճիշտ է, Ալիկը կարող է պնդել, որ այդ շշուկները չէին կարող լսելի լինել Հարավային Ամերիկայում: Բայց Ալիկն էլ հո միշտ այնտեղ չի՞ եղել: Իսկ «Ուլիսն» էլ հո առաջին տարին չէ, որ խաղում է: Մի խոսքով, դեսպան Ալիկի դարպասին կատարված հարվածը ցանցի մեջ է: Մնում է ճշտել, թե ինչ էր անում դարպասապահը այդ ընթացքում:
Այս նյութը դիտել են - 1454 անգամ