Թոշակն ի՞նչ է, որ մեր պետությունն էսօր-էգուց ա գցում, ճիշտ ժամանակին չի տալիս
2016-12-03 13:22:00

Միջօրեին մտա խանութ, ինչ որ պետք էր վերցրի և մոտեցա դրամարկղին:Ծեր մի կին բռան միջի մետաղադրամներն էր հաշվում:Հաշվեց ու տվեց դրամարկղի աղջկան:Առածը մի տուփ բրինձ էր:
- Տատի,- ժպտալով ասաց աղջիկը,- հիսուն դրամ պակաս ես տալիս:
Տատիկը, ինչպես բոլոր տարեց կանայք են անում, ձեռքով փակեց բերանը:
- Վա~յ, քոռանամ ես:Աղջիկ ջան, սխալվել եմ...,- Ու սկսեց քրքրել հնամաշ վերարկուի գրպանները:Քրքրեց ու ոչինչ չհանեց գրպանից:
- Աղջիկ ջան,չունեմ: բրինձը վերցրու, փողերս տուր:Վաղը կառնեմ:Էսօր պոչտա գնացի, որ թոշակ ստանամ, ասացին՝ վաղը:Ինձ հավատում ես, չէ՞:
- Հավատում եմ, տատի:Ոչինչ, ոչինչ,- ու վճարմանը կտրոնը տվեց ծեր կնոջը:
Իմ վճարման ժամանակ աղջկանից խնդրեցի նաև ստանալ հիսուն դրամը:Արդեն դրսում նկատեցի, որ ծեր կինն անցնում է մայթը:Հասա և որոշեցի զրույցի բռնվել հետը, փարատել կասկածներս:Հենց առաջին պահից էլ ծանոթ էր թվացել:Ձայնը որ իմացածս կնոջ ձայնն էր:Հարցրեցի:Չէի սխալվել:Իմ ծանոթ կրակի կտոր կինն էր, ով սովետի ժամանակ անվանի ջուլհակագործի համբավ ուներ:

Առաջին անգամ ,,Ավանգարդ,,-ում ծավալուն մի ակնարկ էի գրել իր մասին, հետո, երբ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր ընտրվեց, հեռուստաստուդիա հրավիրեցի հարցազրույցի: Աշխատեցի շատ նուրբ ձևով հիշեցնել:Արտասվելու չափ հուզվեց: Ձեռքն էլի տարավ բերանը.
- Ամա~ն, ո՞նց էլ ճանաչեցիր...Շատ եմ ծերացել, չէ՞:Տղաս 93-ին զոհվեց, դարդը չոքեց դռանս:Հիշո՞ւմ ես Արտավազդիս:Դու մեր տանը երկու անգամ եղել ես:
Մի կանգառի չափ քայլեցինք:Շքամուտքի մոտ կանգնեց.
- Որ տուն գաս՝ տաք չայ կտամ:
- Չէ, գործերս շատ են:Շնորհակալություն...
Երկու քայլ չարած՝ շրջվեց.
- Թոշակն ի՞նչ է, որ մեր պետությունն էսօր-էգուց ա գցում, ճիշտ ժամանակին չի տալիս: Կոպեկ-կոպեկ հավաքում եմ, հենց թոշակի օրերին պրծնում ա...
Որպեսզի շատ չնեղվի՝ շտապեցի հրաժեշտ տալ:Ցավ կար սրտումս:Հիշեցի այդ կնոջ լավագույն տարիները, երբ իր մասին մոսկվաներից սկսած գրում էին, փառաբանում, արժանապատվորեն մեծարում:

Սպարտակ Ասոյան

Այս նյութը դիտել են - 1972 անգամ