Ինչպես ասում են՝ իմ թշնամու դաշնակիցը իմ թշնամին է
2016-12-05 01:19:00

Թշնամին տեսնում ուրախանում է, պարոնայք հանրապետականներ։

Սա մեր՝ ոչ բարով իշխանությունների սիրված ու ծեծված թեզն է, թե բա «թշնամին տեսնում ուրախանում է» նրանք այն օգտագործում են ընդդիմության բողոքների, զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ։

Բայց տեսեք, թե թշնամին իրականում ինչից է ուրախանում
«Դա տեղի է ունենում նաև բնական պատճառներով, արտագաղթի պատճառով, հիասթափության, անելանելիության, բացիթողի վիճակի: Հայաստանի ներկայիս «ֆաշիստական» իշխանությունը երկրում անտանելի իրավիճակ է ստեղծել: Այդ պատճառով այնտեղ բնակչությունն էլ ավելի է կրճատվելու, լքելու երկիրը...», - սա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթից մեջբերում է։

Իր այդ ելույթում նա հայտարարել էր, որ ադրբեջանցիները «վերադառնալու են իրենց պատմական հողերին»՝ ի նկատի ունենալով Հայաստանի մայրաքաղաք Երևանը, Մեղրին ու Կապանը։

Հետաքրքրականն էլ այն է, որ դա սովորական դարձած ռազմատենչ հայտարարություններից չէր։ Ալիևն ասում էր, որ ադրբեջանցիներն այդ հողերը «վերադարձնելու» են առանց պատերազմի, պարզապես Հայաստանը դատարկվելու է։

Եվ Ալիևն այնքան էլ հեռու չէ ճշմարտությունից։ Եթե այսպես շարունակվի, Հայաստանն իսկապես կդատարկվի և թշնամուն դիմադրություն ցուցաբերող պարզապես չի մնա։ Այս իմաստով Իլհամ Ալիևը թերևս ավելի շատ սարսափում Հայաստանում իշխանափոխությունից, քան նույն այդ հանրապետականները։ Եվ այդ իմաստով Սերժ Սարգսյանն ու մնացած թշնամուն ուրախացնող հանրապետականները Իլհամ Ալիևի լավագույն դաշնակիցներն են։

Դե, ինչպես ասում են՝ իմ թշնամու դաշնակիցը իմ թշնամին է։ Եվ եթե Ադրբեջանն օբյեկտիվ թշնամի է, կամ, ավելի շուտ հակառակորդ և դրա հետ մեծ հաշվով ոչինչ չենք կարող անել, միայն պաշտպանվել, ապա մեր թշնամու ներքին դաշնակցին կարող ենք և պարտավոր ենք չեզոքացնել։ ՀՀԿ-ն թշնամու ջրաղացին առաջին ջուր լցնողն է և դրան պետք է վերջ տալ։
Եվս մեկ մեջբերում Ալիևի ելույթից

«Հիմա ուժն է հիմնական գործոնը:

Եւ դա այդպես է: Եւ մենք ապրում ենք իրական կյանքում:

Այդ պատճառով մենք ավելի հզոր պետք է լինենք, պետք է ավելի ուժեղ բանակ կառուցենք: Տնտեսությունը պետք է ավելի ուժեղ լինի, զարգացումը պետք է ավելի արագ տեմպերով ընթանա:

Տեսեք, անգամ ճգնաժամային տարիներին երկրի բնակչության թիվն աճում է և կաճի: Հիմա երկու-երեք տարում Ադրբեջանի բնակչության թիվը հասնում է 10 միլիոնի: Այդ տենդենցը շարունակվում է...», - Ալիևն այս ամենը գիտակցում է։ Իսկ Սերժ Սարգսյանին 9 տարի է բացատրում ենք, չի կարում ընկալել, կամ չի ուզում։

Մեզ մոտ տնտեսության զարգացումը սահմանափակվում է քաղաքացիներից վերջին կոպեկը քերթելով ու բանակ, մեկ էլ պանամական օֆշոր պահելով։ Հաջորդ տարի արդեն այն մարդկանցից շատերը, ումից այսօր այդ վերջին կոպեկն են խլում, Հայաստանում չեն լինի, բա այդ ժամանակ ի՞նչ են անելու։

Հրանտ Ենոքյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 2234 անգամ