«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն՝ բազմահազար քաղաքացիների պահանջով: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ ՀայաստանՆ» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի` Գագիկ Ծառուկյանը միանշանակ լինելու է ընդդիմադիր դաշտում, հատկապես որ ԲՀԿ-ն իր քաղաքական կուրսը չի փոխել: Նա չբացառեց, որ Ծառուկյանը կարող է կրկին գլխավորել ԲՀԿ-ն։
«Դա մեր ցանկությունն է, դա եղել է մեր առաջակը, որ պարոն Ծառուկյանը կրկին գլխավորի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, բայց առաջիկայում նա հանդես կգա հրապարակային հայտարարությամբ, և բոլոր հարցերի պատասխանը կտա: Որևէ թաքուն, որևէ ոչ հրապարակային քայլ երբևէ չի արվել և չի արվելու: Ամեն ինչ լինելու է բաց և հրապարակային, ինչպես եղել է միշտ մինչ օրս: Մեր ցանկությունը եղել է դա, որոշելիքը պարոն Ծառուկյանինն է»,– ասաց նա:
«Ես նայում եմ այդ անորակ գրառումները սոցցանցերում... գիտեք, չարությունը, կեղտը, ատելությունը բումերանգի նման վերադառնալու է բոլոր նրանց: Փոքր է քաղաքական դաշտը, բոլորս էլ գիտենք, թե այդ ֆեյքերը որ քաղաքական ուժի տիրույթում են գործում և, երբ հետևում ես, հասկանում ես, որ հասկանալի է այդ մարդկանց խուճապը, որովհետև այո՛, Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալով բոլոր, առանց բացառության բոլոր ոչ իշխանական քաղաքական ուժերի սցենարները խառնվել են և դա փաստ է»,- ասաց խմբակցության ղեկավարը՝ հավելելով, թե բացարձակ ապատեղեկատվություն է, որ Գագիկ Ծառուկյանն իր վերադարձը համաձայնեցրել է Սերժ Սարգսյանի հետ. . «Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ունեն նորմալ մարդկային հարաբերություններ, և ես բարոյապես կոռեկտ չեմ համարում քննարկել և վերլուծել մարդիկ մարդկային հարաբերություներում ինչ են քննարկում և ինչ չեն քննարկում»:
Նաիրա Զոհրաբյանը նաև նշեց, որ «Գագիկ Ծառուկյանը գալիս է, վերադառնալու է մեր երկրում լրջագույն համակարգային փոփոխություններ անելու»։