2013-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԵԿՆԵԼ ՈՒ ՉԻ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ 116.3 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ
2016-12-06 09:18:00

Տնտեսական աճը ավանդաբար եղել է պետության և հասարակության հիմնական նպատակներից մեկը, քանի որ գրեթե միշտ ակնկալվել է, որ ապրանքների ու ծառայությունների թողարկման ծավալների ավելացումը կհանգեցնի մարդկանց եկամուտների ավելացմանը, կենսամակարդակի բարձրացմանը և աղքատության կրճատմանը:
Սակայն, ցավոք սրտի մեր երկրում տարիներ շարունակ տետեսական աճի անկում է արձանագրվում: Ամիսներ առաջ տեղի ունեցավ հերթական կառավարության փոփոխությունը: Կառավարության ծրագրում նշված էր, որ վճռական ջանքեր են ներդրվելու երկրում տնտեսական արմատական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ:
Սակայն փաստերն այլ բան են ապացուցում: Ինչպես նախորդ, այնպես էլ ընթացիկ տարում տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում արձանագրվել է անկում:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա տաս ամիսների արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է ընդամենը 0.4 տոկոս, որը վերջին 7 տարիների ընթացքում գրանցված ամենացածր ցուցանիշն է: Այս տարվա 10 ամիսների արդյունքներով շինարարության ծավալներն անցած տարվա համեմատ նվազել են 9.8 տոկոսով: Շեշտակիորեն նվազել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները, կազմելով՝ 7.3 տոկոս: Կաթվածահար վիճակում է գտնվում նաև արդյունաբերությունը:
Ընդամենը վերջին 8 տարիների ընթացքում արտաքին պետական պարտքն ավելացել է 3 անգամ և շուտով այն կհատի 6 մլրդ-ի սահմանը:
Այս տարվա ապրիլին պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմել է 80 693 մարդ, ինչը 6500-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Ընդ որում, երկրում գործազուրկների թիվը շարունակում է աճել Հայաստանից մեկնողների չդադարող հոսքի պայմաններում: Միգրացիոն պետական ծառայության տվյալներով 2013-2015 թվականներին Հայաստանից մեկնել ու չի վերադարձել 116.3 հազար մարդ:
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ նույնիսկ պաշտոնական տվյալներով Հայաստանի տնտեսությունը գտնվում է սոսկալի վիճակում, երկրի բնակչության 40 տոկոսն ապրում է աղքատության մեջ: Եվ այս ֆոնին հետաքրքրական է կառավարության կողմից վերջերս ներկայացված 2017 թվականի պետական բյուջեն, համաձայն որի՝ գալիք տարում ունենալու ենք 3.2 տոկոս տնտեսական աճ:
Պետբյուջեն նաև կարողություն և տեսլական է, ու եթե հայրենի կառավարության տեսլականը սահմանափակվում է 3.2 տոկոսի շրջանակում, ապա նման տնտեսական աճը ոչ միայն խնդիր չի լուծում, այլև՝ խորացնում է ճգնաժամը: Ուստի «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը կոչ է անում կառավարությանը երկիրն այս սոցիալ-տնտեսական ճգնաժամից դուրս բերելու նպակատով իրականացնել համարձակ, նախաձեռնողական և արդյունքին միտված քաղաքականություն:

Իշխան Խաչատրյան

Այս նյութը դիտել են - 2562 անգամ