Ուսուցիչը պետք է մտնի աշակերտի հուզաշխարհը 2016-12-06 09:27:00
Մանկավարժիս ուղղված հարցը, թե արդյո՞ք դպրոցականը կարող է իր սիրո անհանգիստ ապրումներով կիսվել ուսուցչուհու հետ, ամենևին զարմանալի չէր, քանի որ իմ մանկավարժական գործունեության ընթացքում նման իրավիճակներ հաճախակի են եղել: Երբեմն ուսուցիչը պետք է մտնի աշակերտի հուզաշխարհը, փորձի նրան հասանելի դարձնել նաև այն բոլոր բացասական երևույթները, որ առկա են շրջապատում` կապված իրենց տարիքին հատուկ սիրո ռոմանտիկական զգացողության հետ:
Որպես ուսուցողական դաս` մանկավարժիս մտորումները գուցե հասանելի՞ լինեն նաև վաղաժամ սիրահարվող մեր դպրոցականներին, որոնք չեն գիտակցում, թե այդ պատանեկան սերը երբեմն ինչ ավերածություններ կարող է փռել իրենց հոգում: Եվ ի պատասխան այդ հարցումին` ներկայացնում եմ այդ թեմային առնչվող դպրոցական կյանքից մի դեպք:
Այդ օրը վերջին դասաժամս իմ դասղեկական դասարանում էի: Դռան մեղմիկ թակոցը և միանգամից բացվելը բոլորիս հայացքները գամեց միջանցքում դռան շեմին կանգնած ավագ դասարանի իմ աշակերտուհու վրա: Ես հրաժարվեցի դուրս գալ, բայց ի պատասխան նրա խնդրանքին` հաշվի առնելով մոտալուտ զանգի ժամանակը, նրան ներս հրավիրեցի` նստելու համար ձեռքով ցույց տալով դիմացի ազատ նստարանը: Զանգը հնչեց...Մենք արդեն երկուսով էինք, նա անմիջապես ինձ հանձնեց տետրի մի թուղթ: Նայում եմ սևացած տողերին, ապա նրա հուսալքված դեմքին.
- Խոսի՛ր, բա՞ն է պատահել:
- Այո՛, խնդրում եմ, կարդացե՛ք: Հայացքս հապճեպ անցնում է մի քանի տողերով. «Իմ ներսում մարել է հավիտենականության, հավերժության, սիրո, սպասումի և հոգու լույսը: Այս խոսքերն իմ «անշնչացած» սրտից են բխում»: Ընդհատում եմ կարդալը, հարցական նայում նրա մտահոգ ու դալկացած դեմքին: Նորից եմ կրկնում` ի՞նչ է պատահել...Քարացած դեմքը հառում է ինձ, ապա անխոս հայացքն ուղղում դեպի թերթը, ու ես շարունակում եմ նորից ընթերցել. «Նա միակն էր իմ կյանքում, սրտանց սիրել եմ, ապրել ու աղոթել միշտ նրա համար, իսկ հիմա մոլորված եմ, վիրավորված ու տանջված»: -Եվ հետո՞, - համբերությունս սպառած` հարցական հայացքս գամում եմ նրան, փորձում լսել նրանից եկող հազիվ ինձ հասանելի խոսքեր. -Նա նշանված է ուրիշի հետ....պարզել եմ... Իսկ ես` միամիտս, հավատում էի նրա խոստումներին: Լուրը չնայած ցնցում է ինձ, բայց թեթևացած հոգոց եմ քաշում.
-Եվ դու ուզում էիր, որ այսքանը հետո՞ լիներ, շատ լավ է, նույնիսկ հիանալի, որ ժամանակին իմացար դրա մասին.. Նա զարմացած նայում է ինձ, իսկ ես խոսում եմ...Խոսում եմ վիրավորված ինքնասիրությամբ, բորբոքված խոսում եմ մեկի մասին, ում չեմ ճանաչում, բայց նաև չեմ ուզում թույլ տալ, որ այդ ինչ-որ մեկը սպանած լինի իմ աշակերտուհու հավատը:
Վերջում մենք զգացինք, որ թեթևացել են հոգիներս, բայց երկուսիս սրտում մեծ հետք կար` ցավի ու վիրավորանքի: Այդ օրը նա հասկացավ, որ սերը երջանկության, կարճատև բերկրանքի հետ միասին պարգևում է նաև դառնություններ, փշրում մարդու սիրտը, սպանում նրա հավատը և մատնում անմոռանալի տառապանքների: Իսկ ես չկարողացա անտեսել իմ դիմաց գտնվող դեռահասի հոգում տեղի ունեցող տեղաշարժերը, քանի որ վաղուց համոզվել էի, որ դպրոցականի տարիքային այդ շրջանի մասին արտահայտվելը մի նոր ներդաշնակ և գեղեցիկ հարաբերություն է ստեղծում ուսուցչի և աշակերտի միջև, որից երբևէ չպետք է խուսափենք:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 4222 անգամ