Ազգային անվտանգության սպառնալիք է. ԱՄՆ դեսպանը Կարեն Կարապետյանի մասին
2016-12-06 10:21:00

Այսօր լրագրողների հետ զրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը խիստ տարօրինակ, սենսացիոն հայտարարություն է արել:
Aravot.am-ի փոխանցմամբ, խոսելով Կարեն Կարապետյանի մասին, նա ասել է. «Առայժմ ինչ լսել եմ վարչապետից՝ կոռուպցիայի խնդրին առաջնահերթություն տալու հարցում, հուսադրող է: Կարծում եմ՝ նա արձագանքում է այն խնդիրներին, որոնք լսում է հայ ժողովրդից, հայկական լրագրությունից՝ կոռուպցիայի դեմ պետք է պայքարել: Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել նաեւ, քանի որ այն կարող է խոչընդոտել Հայաստանում բիզնեսի աճին եւ ներդրումներին: Կոռուպցիան կարող է նաեւ խնդիր հանդիսանալ ազգային անվտանգության համար, քանի որ կոռումպացված պաշտոնյաներին, կոռումպացված գործարարներին Հայաստանից դուրս կարող են հնարավորություն ընձեռել Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վրա ազդեցություն ունենալ: Կարծում եմ՝ վարչապետը տեղյակ է եւ մտահոգված է այս ամենի մասին: Ես ասել եմ վարչապետին, որ Միացյալ Նահանգների դեսպանությունը եւ կառավարությունը պատրաստ է իր հետ աշխատել եւ ցանկացած հնարավոր ձեւով աջակցել իրեն»:
Պատրաստ ենք աշխատել իր հետ, կաջակցենք, նրա մոտեցումները հուսադրող են. դեսպանի խոսքի այս հատվածները լիովին հասկանալի են:
Բայց ի՞նչ է նշանակում հետեւյալ միտքը. «Կոռուպցիան կարող է նաեւ խնդիր հանդիսանալ ազգային անվտանգության համար, քանի որ կոռումպացված պաշտոնյաներին, կոռումպացված գործարարներին Հայաստանից դուրս կարող են հնարավորություն ընձեռել Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վրա ազդեցություն ունենալ»:
Ի՞նչ է ուզում սրանով ասել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը: Հիշեցնենք, մինչեւ բոլորովին վերջերս Կարեն Կարապետյանը Հայաստանից դուրս խոշոր պաշտոնյա էր: Վարչապետի պաշտոնում նշանակվելով, նրան հնարավորություն է ընձեռվել ազդեցություն ունենալ Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վրա: Կարապետյանը երկար տարիներ բարձր պաշտոն է զբաղեցրել Ռուսաստանում, որտեղ ըստ արեւմտյան կենտրոնների բոլոր հետազոտությունների, պետական համակարգն ամբողջությամբ թաղված է կոռուպցիայի մեջ: Այսինքն՝ արեւմտյան մտածողության տեսակետից, լինել ՌԴ-ում բարձրաստիճան պաշտոնյա, մեխանիկորեն նշանակում է լինել կոռումպացված պաշտոնյա:
Եթե ճիշտ ենք ըմբռնում Ռիչարդ Միլսի մտքերի ընթացքը, ուրեմն նա Կարեն Կարապետյանին համարում է ռուսական կոռումպացված պաշտոնյա, որին Հայաստանի վարչապետ նշանակելն ազգային անվտանգության սպառնալիք է: Բնականաբար, այս հայտարարության հասցեատերը միայն Կարապետյանը չէ: Սա նաեւ Սերժ Սարգսյանին ուղղված խոսք է, որովհետեւ ի վերջո Կարապետյանին նա է հրավիրել Հայաստան:
Արդեն գրել ենք, որ Կարապետյանն ապրիլյան պատերազմի արդյունքում Ռուսաստանի կողմից Հայաստանում ներդրված անձ է, որի միսիան 2018-ից հետո Հայաստանում Ռուսաստանի կողմից լիովին վերահսկելի իշխանություն ձեւավորելն է: Կարծիք էինք հայտնել նաեւ, որ առաջին անգամ ԱՄՆ-ն եւ Եվրոպան ՌԴ-ի կողմից Հայաստանին քաղաքականապես ստրկացնելու փորձերին չեն միջամտում: Հակառակը, տպավորություն կա, թե Արեւմուտքը առհասարակ այս հարցում ձեռքերը լվացել է եւ քաշվել մի կողմ:
Երեկ հայտնի դարձավ, որ հերթական անգամ մերժվել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին մասնակցելու`Հայաստանի հայտը: Սա Հայաստանից «հրաժարվելու» ապացույցներից մեկն է: Հիմնավորումը, թե ՀՀ-ն չի համապատասխանում ծրագրի չափանիշներին`արդար կառավարում, կոռուպցիայի դեմ պայքար եւ այլն, թույլ են: ԱՄՆ կառավարությունը «Հազարամյակի մարտահրավերներ» եւ մյուս բոլոր նմանատիպ ծրագրերով աշխատում է աշխարհի տարբեր վատ կառավարող եւ կոռումպացված իշխանությունների հետ նրանց «Ճիշտ ուղի» վերադարձնելու համար: Այդ ծրագրերը նման նպատակի համար էլ մշակվում են: Եւ, եթե Հայաստանը հետեւողական կերպով դուրս է մնում դրանցից, նշանակում է կա՛մ այլեւս անհույս է ՀՀ-ի իշխանություններին ճիշտ հունի վրա դնելը, կա՛մ Հայաստանն այլեւս ԱՄՆ-ի հետաքրքրությունների տիրույթում չէ: Հնարավոր է` եւ մեկը եւ մյուսը:
Բայց ի՞նչ փոխվեց, ինչո՞ւ դեսպանը հանկարծ բարկացավ եւ Կարեն Կարապետյանի հասցեին նման սենսացիոն հայտարարություն արեց: Դիվանագիտական կանոններով Միլսի խոսքերն իսկապես սուր են, մնում էր միայն անունը հնչեցներ, եւ դա այլեւս դիվանագիտական հայտարարություն չէր լինի:
Հնարավոր է` սա ազդակ է, որ առաջիկայում ԱՄՆ-ն ամեն դեպքում դիտորդի կարգավիճակով չի հետեւի ՌԴ-ՀՀ պայքարին, որտեղ Հայաստանի դիրքերը հասկանալի պատճառներով շատ խոցելի են: Ձեւակերպումը, որ վարչապետի պաշտոնում Կարապետյանի նշանակումն ազգային անվտանգության հարց է, դիպուկ է, թեեւ հեռու ենք այն մտքից, որ ԱՄՆ-ին Հայաստանի ազգային անվտանգությունը հուզում է:
Ավելի հավանական է, որ ԱՄՆ-ում վերանայում են Հարավային Կովկասում իրենց քաղաքականությունը եւ գալիս այն եզրակացության, որ այստեղ միանգամից երկու պետություն եւ մեկ տարածքային վեճ ՌԴ-ի լիակատար վերահսկողությանը «հանձնելը» հեռանկարային իմաստով խոհեմ չէ:
Ամեն դեպքում, ստեղծված իրավիճակում Հայաստանը կարող է ՌԴ-ԱՄՆ հակամարտությունից օգուտներ քաղել, որքան էլ որ դա բարդ է թվում: Հիշեցնենք, մի քանի օր առաջ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի եւ ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսի հեռախոսազրույցը: Շատ հնարավոր է, որ Ռիչարդ Միլսի հայտարարությունն այս զրույցի տրամաբանական շարունակությունն է:
armtimes.com

Այս նյութը դիտել են - 3278 անգամ