Եսայան Մարգոն էլի շատ բաների չի տիրապետում: Մասնավորապես տեղյակ չէ, թե միջազգային կազմակերպություններն ինչի համար են ստեղծվում...
2016-01-12 12:02:00
Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, հանրապետական ու ժուռնալիստ Մարգարիտ Եսայանը երկար տվայտանքներից և մտորումներից հետո հանգել է այն եզրակացությանը, որ իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանի իշխանություններին պահանջներ ներկայացնելու իրավունք չունեն։ Խոսքն այս դեպքում Human Rights Watch կազմակերպության մասին է, որը պահանջում է ազատ արձակել «Նոր Հայաստան» շարժման ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին, ով երկու ամսով կալանավորվել է Ամանորի գիշերը իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։

Մարգոն խորապես համոզված է, որ միջազգային կառույցի անդամները չափն անցել են: Ու հիմա նա ձայնը գլուխն է գցել: «Պիտի հորդորեմ մնալ չափի մեջ, իհարկե, ուշադիր լինել, հետևել, իրենց խորհուրդները, իրենց գնահատականները տալ, բայց այս կամ այն երկրում, առավել ևս Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրավական որևէ գործունեության հանդեպ իրենց գնահատականը և պահանջը ներկայացնելիս լինել ուղղակի չափի մեջ, չափի զգացողություն ունենալ»,- ասում է նա։ Բայց երբ հարցնում են՝  «Արդարացվա՞ծ էր Սաֆարյանի նկատմամբ երկամսյա կալանքը», հանրապետական Եսայանը իսկույն վրա է բերում, թե չի տիրապետում գործի մանրամասներին, իրավաբան չէ։

Եսայան Մարգոն էլի շատ բաների չի տիրապետում: Մասնավորապես տեղյակ չէ, թե միջազգային կազմակերպություններն ինչի համար են ստեղծվում: Չգիտի նաև, որ Հայաստանն ինքն էլ տասնյակ միջազգային կառույցների անդամ է, վճարում է անդամավճար և անհրաժեշտության դեպքում դիմում է նրանց՝ այս կամ այն հարցերում միջամտելու, կողմերի վրա ճնշումներ բանեցնելու համար: Եվ քանի որ Մարգոն գիտի միայն կույր նվիրվածություն խաղալ, ապա հիմա էլ առաջ  է նետվել ու ուզում է սեփական գլխից բարձր թռչել՝ դուրս գալով միջազգային ասպարեզ:
 

Shame.am
Այս նյութը դիտել են - 1820 անգամ