Մի ամբողջ ամիս պահանջվեց, որ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը խորհի ու հասկանա, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անարդար էր: Ու հիմա ԱԻՄ-ը դատական գործընթաց է սկսելու ԿԸՀ-ի դեմ, քանի որ սա այդպես էլ չկատարեց օրենքով իրեն վերապահված լիազորությունը և արդար, ազատ ու թափանցիկ հանրաքվե չանցկացրեց:
Պարզվում է՝ Հայրիկյանը նստել, մեկիկ-մեկիկ հաշվել է բոլոր քվեները և եկել այն խորին համոզման, որ հանրաքվեի ժամանակ «այո» է ասել մասնակիցների հազիվ երեսուներկու տոկոսը: Դա դեռ քիչ է: Իր ուսումնասիրությունները Հայրիկյանը համարում է «գիտական անժխտելի իրողություն»:
Թե հատկապես որ գիտությունն է զբաղվում քվեարկության արդյունքների ուսումնասիրմամբ և ինչ գիտնականներ են ներգրավված եղել այդ լաբորատոր փորձարկումներին, ԱԻՄ առաջնորդը լռում է: Բայց, ըստ նույն գիտության, կատարվածն արդեն որակվել է իբրև «հակասահմանադրական դավադրության», իսկ դա կարող է կասեցնել ընդամենը մեկ մարդ՝ ազգի պարծանք Հայրիկյանը:
Վատն այն է միայն, որ վերջինիս դեռ ոչ մի անգամ չի հաջողվել որևէ բան կասեցնել, թեև խոստումները ավելի շատ են եղել, քան հայ ընտրողների թիվն է: Օրինակ, նախորդ տարի ինչեր ասես, որ չխոստացավ Հայրիկյանը: Իսկ հիմա չքմեղացած արդարանում է ընդդիմադիր դաշտի ձախողումների համար: «Մենք անցյալ տարի չկարողացանք ազգային ներուժը լավագույնս իրացնել, մանավանդ հակասահմանադրական դավադրության դեմ գործողություններում: Մենք լուրջ հակասություններ ենք ունեցել, ես խիստ գնահատականներ եմ տվել»,- ասում է նա, հավաստիացնում, որ դա այլևս չի կրկնվի և անմիջապես հիշում Լևոն Զորաբյանին: Իսկ քանի որ հիշում է, ապա անմիջապես հօդս են ցնդում բոլոր հույսերը, համագործակցության հեռանկարները, միասնության մասին խոստումները: «Ես ներում եմ այն մարդուն, ով առաջին ընտրություններին մասնակցել է, ինձ է ձայն տվել, իսկ հիմա հայտարարում է`Հայրիկյանը ավելի լավ է` թող երգեր գրի»:
Չէ, Հայրիկյանը չի ների: Ոչ մի գնով: Որովհետև եթե ների, ապա իսկապես պիտի գնա ու երգեր գրի, բայց նա դրա հավեսն արդեն չունի: Հիմա ուզում է երգչախումբ ղեկավարել: Ընդդիմության երգչախումբը: Ոչինչ, որ երգերը հին են ու հոգնեցնող: Հայրիկյանի շոու-բիզնեսը դեռ նահանջել չի ցանկանում:
Այս նյութը դիտել են - 1586 անգամ