Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը հայտարարել է Սիսի կաթողիկոսարանի պատմական տարածքի հարցը Մարդու իրավունքի եվրոպական դատարան ներկայացնելու մասին:
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը հայտարարել է Սիսի կաթողիկոսարանի պատմական տարածքի հարցը Մարդու իրավունքի եվրոպական դատարան ներկայացնելու մասին, այն բանից հետո, երբ Թուրքիայի դատական համակարգը մերժել է հայցը: Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Արամ Առաջինը հանդես եկավ նախաձեռնությամբ եւ հայց ներկայացրեց Թուրքիային, պահանջելով վերադարձնել Սիսի կաթողիկոսարանի տարածքը Կիլիկիո կաթողիկոսարանին:
«Միաժամանակ, հավատացած եմ, որ ժամանակը եկել է, որ մենք` Հայաստանը և Սփյուռքը, մեր բոլոր կազմակերպություններով պետք է մուտք գործենք իրավական դաշտ: Մենք պահանջատեր ժողովուրդ ենք», հայտարարում է Արամ Առաջինը:
Նա փաստորեն առաջինն է, որ հանդես է գալիս ցեղասպանության համար Թուրքիայի հանդեպ փոխհատուցման պահանջատիրությամբ, միաժամանակ կոչ անելով հայությանն ու Հայաստանին անել նույնը:
ՄԻԵԴ-ը հարցը պետք է քննարկի աշխարհքաղաքական բավական բարդ իրավիճակում, որի առանցքային կետերից մեկը Թուրքիան է: Թուրքիայի փոխվարչապետը օրերս հայտարարել էր, թե Թուրքիայի համար ներկայիս իրավիճակը ամենաբարդն է առաջին համաշխարհայինից ի վեր: Թուրքիան լուրջ խնդիրներ ունի Արեւմուտքի հետ: Միաժամանակ, որոշ դադարից հետո սկսվել է Ռուսաստանի հետ գործընկերության նոր փուլը:
Այդ ամենում հայկական հարցը միակ վճռորոշը կամ ամենավճռորոշը չէ, սակայն իհարկե Թուրքիայի համար ունի առանցքային նշանակություն: Ամիսներ առաջ ՄԻԵԴ-ը արդեն իսկ հայկական հարցի մասով կայացրել է Թուրքիայի համար նպաստավոր որոշում, բավարարելով Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի` որը նրան պատժում էր հայերի ցեղասպանությունը ժխտելու համար: Փաստացի, ՄԻԵԴ-ը արձանագրեց, որ ցեղասպանություն եղել է, բայց դրա ժխտումը քրեականացնելը համարեց մարդու իրավունքի խախտում:
Այժմ հետաքրքիր է, թե ինչ նախադեպ է ստեղծելու ՄԻԵԴ-ը պահանջատիրության մասով: Հայերը «ստանալու»՞ են այդպիսի իրավունք, թե ոչ:
Միաժամանակ, հստակ է նաեւ, որ հայկական հարցը ներկայիս բարդ աշխարհքաղաքական իրավիճակում կրկին սրությամբ կանգնում է Թուրքիայի առաջ, եւ այդ իմաստով հետաքրքիր է, թե ինչ է անելու Անկարան:
Թուրքիան բարդ վիճակում էր նաեւ 2015-ի ամռանը, երբ Բունդեսթագը քվեարկեց հայերի ցեղասպանության բանաձեւը:
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը երկու անգամ` 2011 և 2013 թվականներին հատուկ նամակով դիմել է այն ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` պահանջելով վերադարձնել Սիսի կաթողիկոսարանի կալվածքը, սակայն նրա դիմումներն անպատասխան են մնացել: Ավելի ուշ, երբ գործը հանձնվել է Թուրքիայի Սահմանադրական դատարան, վերջինս որոշել է անգամ ընթացք չտալ գործին:
Բրյուսելում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ գործի փաստաբանը հայտարարել է, որ Սիսի կաթողիկոսարանի կալվածքների վերադարձի խնդրով Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցի քննարկումն ու վերջնական որոշման ընդունումը կարող է տևել մի քանի տարի:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տարեկան քննում է տասնյակ հազարավոր գործեր: Հաշվի առնելով դատարանի զբաղվածությունը` կարծում ենք, որ մեր դիմումի քննարկումը և որոշման ընդունումը կարող է տևել 4-5 տարի: Սակայն մենք արդարության հաստատման համար սպասել ենք 100 տարի, հետևաբար կարող ենք սպասել ևս 4-5 տարի»,- նշել է փաստաբանը:
Այս նյութը դիտել են - 2364 անգամ