Եկել է Քոչարյանի բացահայտման ժամանակը
2016-12-07 23:40:00
Կա մեկը, ով այս պահին ամենաշատն է մտահոգված նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ճակատագրով: Այդ մեկը հենց Ռոբերտ Քոչարյանն է: Եվ եթե նա այս ընթացքում ցանկանում է տպավորություն ստեղծել, թե տարված է առօրյա հոգսերով և իր համար քաղաքական անցուդարձն առաջնային խնդիր չէ, այդ անտարբերության խաղն այնքան էլ չի ստացվում:

Քոչարյանն այս պահին Հայաստանում է, սակայն օրեր անց կմեկնի ՌԴ մայրաքաղաք Մոսկվա: Այնտեղ կայանալու է «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի նիստը, իսկ նա, ինչպես հայտնի է, 2009 թվականի հունիսից «Սիստեմա» ԲՖԿ-ի անկախ տնօրեններից է: Սակայն մինչ գործնական մեկնումը նա որոշել է մեկ անգամ էլ հիշեցնել իր կարևոր գոյությունը և հիշեցնել հատկապես առաջիկա ընտրությունների համատեքստում:

Այս հիշեցումը պիտի ընկալել ոչ այլ կերպ, քան ազդանշան այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը չի կամենում ստանձնել պասիվ դիտորդի դերը: Այլապես ընդհանրապես հարկ չէր լինի որևէ բան խոսել կամ խոսելու վաղօրոք խոստում տալ: Իսկ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր տեղեկացրել է, որ իր շեֆը շատ շուտով կմանրամասնի ոչ միայն ընտրություններին ցուցակով մասնակցելու, այլ ընդհանրապես՝ խորհրդարանական ընտրությունների հետ կապված բոլոր իրավիճակները:

Ռոբերտ Քոչարյանը մինչ այժմ ժամանակ էր շահում: Բայց ժամկետներն արդեն սպառված են: Վրա է հասել մեծ անկեղծացման ժամը: Դա տեղի կունենա մեկ շաբաթից: «Մյուս շաբաթվա սկզբին ավելի առարկայական պատասխաններ կտրվեն»,- ասել է Սողոմոնյանը՝ հաստատելով ենթադրությունը, որ Գագիկ Ծառուկյանի վճռական քայլերից հետո Քոչարյանը պարզապես չի կարող հրապարակ չիջնել: Խաղաքարտերը փակ պահելու համար այլևս որևէ անհրաժեշտություն չկա:

shame.am

Այս նյութը դիտել են - 1846 անգամ