Երեկ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ գյուղացիների վարկերի ծանր բեռի մասին հարցեր հնչեցին:
Մասնավորապես՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց մի խումբ գյուղացիների նամակը, ըստ որի վարկային պարտավորությունների՝ տույժերի համար բանկերն ու ԴԱՀԿ-ն ճնշում են նրանց, մինչդեռ գյուղացիները չեն կարողանում դուրս գալ այդ բեռի տակից:
Ըստ պատգամավորի, գյուղացիներին կառավարությունը պաշտոնապես պատասխանել է, որ պետությունը չի կարող միջամտել առեւտրային բանկերի գործունեությանը, քանի դրանք մասնավոր ընկերություններ են:
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այս հարցին ի պատասխան ասել է՝ «Նման խնդիր կա, բայց չկա մեխանիզմ, որով դուրս գանք լուծման կամ բավարարենք խնդիրը:
Հարցը դրված է քննարկման, վարչապետին զեկուցվել է այդ մասին եւ հանձնարարվել էր ԿԲ-ի հետ լուծում գտնել»: Կարճ ասած՝ խնդիրը քննարկվում է, բայց մինչեւ կառավարությունը մի լուծում գտնի, հազարավոր գյուղացիների ունեցվածքը բանկերը կբռնագրավեն, գյուղացիները տուն-տեղից, հողից ու ունեցվածքից կզրկվեն:
Իգնատի Առաքելյանը նշել էր, որ բնակլիմայական պայմաններից էլ առաջած խնդիրներ կան, երբ բերքը տուժում է, եւ գյուղացին չի կարողանում վարկը փակել, ուստի, ըստ նախարարի պիլոտային ապահովագրական համակարգ է մշակվելու՝ հետագայում բնակլիմայական աղետներից եւ այլ ռիսկերի նվազեցման համակարգ դնելու ուղղությամբ, որպեսզի ֆինանսական բեռը չմնա գյուղացու վրա:
«Էշ մի սատկիր՝ գարուն կգա»,-այսպես արձագանքեց Aravot.am-ի հետ զրույցում Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ Հայկազ Ասատրյանը՝ կառավարության առաջիկա նախաձեռնությանը:
Ըստ Ասատրյանի, գյուղացիները վարկեր են վերցրել, խաղողի այգի մշակել, սակայն մթերող ընկերությունները մեկ տարի մթերած բերքի գումարը չեն տվել, ինչի արդյունքում գյուղացիներն էլ չեն կարողացել վարկերի տոկոսները վճարել, ու հիմա վարկերի չափերը մի քանի անգամ ավելացել են:
«Օրական 0.3 % տույժ ա ֆռռում, օրական 5500 դրամ: Սաղ տարին այ տենց կուտակվեց ու ավելացավ գումարը, մինչեւ մեր բերքի փողը տվեցին:
Ձեռիս ընկած փողը վճարել եմ բանկին, էն էլ դրանք մայր գումարին չեն ուղղում, ինչքան փող եմ տալիս՝ տույժերին ա գնում: Ամեն օր ԴԱՀԿ-ից թղթեր ենք ստանում: Բա սենց բան կլինի՞»:
Մեկ այլ գյուղացի էլ մեզ հետ զրույցում նշեց՝ «Ստիպեցին մթերողներին բերքը վերցնեն, նրանք էլ մեզ ասում էին՝ մեզ պետք չէր, կառավարությունն ա ստիպել, մենք փող չունեինք, հիմա էդ կառավարության պատճառով բոլորը կրակն են ընկել: Ես իմ մեղքով չեմ ուշացրել վարկերի փողերը, ինչի՞ են սենց պատժում գյուղացիներին, ինչի՞ են ստորացնում գյուղացիներին»,-վրդովված ասաց Հայկազ Ասատրյանը:
Նրա ներկայացմամբ՝ խանութպան հարեւանը երաշխավոր է եղել իր վարկը ստանալու համար, հիմա Հայկազ Ասատրյանի վճարումներն ուշացնելու պատճառով, ինչպես ասաց Հայկազ պապին, կպել են հարեւանին.«Խանութի գործարքը չեն անում, սեւ ցուցակ են գցում մեզ: Էս բանկերը տզրուկի նման կպել են՝ արյուններս խմում են, էլ ինչքան դիմանանք, էդ կառավարությունն ի՞նչ է մտածում. Ուզո՞ւմ են գյուղի սաղ տները դատարկվե՞ն, սաղ գրավի տակ են:
Մենք ի՞նչ մեղավոր ենք, որ մեր փողերն ուշացրել են ու չենք կարողացել վարկը փակել: Էդտեղ նստած մինչեւ դրանք մի բան մտածեն, մենք տուն-տեղից կզրկվենք»: Aravot.am-ը փորձեց կենտրոնական բանկից պարզաբանում ստանալ, թե ի՞նչ ընթացքում են եւ ինչի՞ շուրջ են քննարկումները: ԿԲ-ից խոստացան հարցերին պատասխանել օրենքով սահմանված՝ 5 օրյա ժամկետում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
aravot.am